Սեւակ Արամազդ․ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԳՈՅԱԲԱՆՈՒԹԻՒՆ․ ՍԵՒ ՈՒՌՈՒՑՔԸ
Ա
20-րդ դարի հնդիկ մեծ փիլիսոփայ Ռամանա Մահարշին՝ «Կարմիր Լեռան իմաստունը», որ տասնամեակներ շարունակ ապրում էր լեռան վրայ եւ անխօս նստած՝ հայում Ինքնութեան Ճշմարտութիւնը, երբ մի օր արթնանում է հայեցումից, աշակերտները նրա թեւին նկատում են մի մեծ, սեւ ուռուցք։ Աշխարհի չորս ծագերից Մահարշուն այցելութեան եկած բիւրաւոր մարդիկ, որոնց մէջ էին նաեւ բազմաթիւ գիտնականներ ու բժիշկներ, տագնապելով Ուսուցչի կեանքի համար, թախանձագին յորդորում են նրան ենթարկուել վիրաբուժական միջամտութեան։ Լռութեան իր ուխտը չխախտելով՝ Մահարշին մնում է անհաղորդ։ Ի վերջոյ, վերցնելով մի կտոր թուղթ՝ գրում է ի պատասխան․ «Ուռուցքը ես եմ աճեցրել»։ Որոշ ժամանակ անց նա մեռնում է՝ մարմինը խառնելով հրին, հոգին՝ Ինքնութեան Ճշմարտութեանը։
Հայաստանի ներկայ վարչախմբի պարագլուխը՝ Նիկօլ Փաշինեանը (նոյնպէս մարդկային մի անուն), իր համադիր ու դիմադիր հաճկատարների սփռուածքով, նոյնպիսի մի սեւ, մահացու ուռուցք է՝ հայ ժողովրդի բազմաչարչար մարմնին։ Եւ այդ ուռուցքն աճեցրել է հէնց հայ ժողովուրդն ինքը։ Հակառակն ապացուցել հնարաւոր չէ, քանի որ մարմինը եւ ուռուցքը պատկանում են իրար։
Այստեղ վերջանում է համաբանութիւնը, եւ սկսւում հակադարձ համեմատութիւնը։
Բ
Այդ սեւ ուռուցքի գոյացման գլխաւոր պատճառն անկարելի է հասկանալ՝ առանց փիլիսոփայական մի ընդհանրական «շեղում» թոյլ տալու։
Աշխարհում գոյութիւն չունի ոչինչ՝ առօրեայ յարաբերութիւններից մինչեւ տիեզերական գաղտնիքներ, որ չունենար նոյնական-միասնական հիմք (այլապէս գոյութիւն չէր ունենայ)։ Հին պատկերով՝ երկրի երեսին աճող ծառի վրայ չկայ եւ չի կարող լինել այնպիսի պտուղ, որ «տրուած» չլինէր նրա արմատներում, որոնք անտեսանելի գործում են գետնի տակ, երկրի մութ ընդերքում։ Դա ինքնին ենթադրում է նոյնական հայեացք այն ամենին, ինչ բացայայտ երկրի վրայ է եւ թաքնուած՝ գետնի տակ։ Այն, ինչ կազմում է հայեացքը եւ այն, ինչ ընկալում է հայեացքը, նոյնական են, այսինքն՝ բնականօրէն տրուած են ոչ այլ կերպ, քան Գիտակցութեան մէջ, նրա օրէնքներում։ Գիտակցութեան օրէնքները եւ Գոյութեան օրէնքները նոյնական են, որովհետեւ Գիտակցութիւնն ու Գոյութիւնը պատկանում են իրար։ Այդ նոյնականութիւնը ես անուանում եմ Գոյակարգ։
Գոյակարգն իրար փոխազդող օրէնքների մի անխափան համակարգ է, որը գործում է ամենուր եւ ամեն ժամանակ։ Գոյութեան սահմանային օրէնքները կոչւում են սկզբունքներ, որոնք կազմում են Գոյութեան առանցքը։ Դրանցից են, օրինակ, Էներգիայի Աննուազութեան, Բնութեան ու Կեանքի Երկուութեան կամ Բեւեռայնութեան եւ կամ Մասի ու Ամբողջի Անշրջելիութեան սկզբունքները։ Դրանք սահմանային են կոչւում այն պատճառով, որ տրուած են մէկընդմիշտ, գործում են միագիծ եւ չեն կարող հակադարձուել։
Ամենից ակնյայտ դա երեւում է Մասի եւ Ամբողջի Անշրջելիութեան սկզբունքի պարագային։ Այդ սկզբունքն ասում է, որ երբեք, ո՛չ մի դէպքում Մասը չի կարող վերածուել Ամբողջի, եւ Ամբողջը՝ յանգել իր Մասին։ Հակառակ դէպքում դրանք կհակադարձուէին, եւ Գոյակարգն ակնթարթօրէն փուլ կգար։ Օրինակ՝ Երկիր մոլորակը՝ իբրեւ արեգակնային համակարգութեան մաս, եթէ փորձէր վերածուել ամբողջի՝ արեգակնային համակարգի, վերջինս անմիջապէս կփլուզուէր։ Եւ հակառակը․ եթէ արեգակնային համակարգութեան գոյութիւնը փորձէր յանգեցուել Երկիր մոլորակի գոյութեանը, ապա արեգակն իր միւս մոլորակներով հանդերձ՝ իբրեւ համակարգ, ակնթարթօրէն կչքանար։ Ուստի, Երկիրը Երկիր է միայն այն բանի շնորհիւ, որ մաս է կազմում արեգակնային համակարգութեան, որն էլ իր հերթին այդպիսին է միայն այն պատճառով, որ չի կարող յանգել իր մասին՝ Երկիր մոլորակին։
Մասի եւ Ամբողջի Անշրջելիութեան սկզբունքն անմնացորդ գործում է Գոյութեան բոլոր մակարդակներում՝ ե՛ւ բնութեան ու տիեզերքի, ե՛ւ մարդկային կեանքի ու պատմութեան, ե՛ւ գիտութեան ու կրօնի։ Այդ սկզբունքի շնորհիւ է միայն, որ որեւէ «աշխարհակալ» կայսրութիւն՝ ո՛չ Հելլենական կամ Հռոմէական, ո՛չ Մոնղոլական կամ Օսմանեան, ո՛չ Բիւզանդական կամ Ռուսական, ո՛չ Բրիտանական կամ Ամերիկեան, երբեք չի կարողացել ու չի կարող նուաճել ամբողջ աշխարհը։ Դա վերաբերում է ինչպէս անցեալի, այնպէս էլ ներկայի ու ապագայի բոլոր այն ազգերին ու երկրներին անխտիր, որոնք թաքուն թէ բացայայտ երազում են աշխարհին տիրելու մասին։
Նոյնը պատկերն է նաեւ կրօնի պարագային․ ո՛չ մի Յուդայականութիւն, ո՛չ մի Բուդդհայականութիւն, ո՛չ մի Քրիստոնէութիւն, ո՛չ մի Իսլամ, հակառակ իրենց «աստուածային եզակիութեան» կամ «բացառիկութեան» ցնորական պնդումների եւ մարդկութիւնը «փրկելու» կամ «դարձի բերելու» նախանձայոյզ յաւականութիւնների, չեն կարողացել ու չեն կարող հասնել համաշխարհային տիրապետութեան, դառնալ համայն մարդկութեան խոստացեալ միակ կրօնը (ընդ որում, մի քանի «միակ»՝ միաժամանակ), ուստի եւ՝ սկզբունքօրէն չեն կարող լինել վաւերական կամ ճշմարիտ։
Այդպէս է նաեւ մարդկային ճանաչողութեան մէջ․ ո՛չ Յարաբերականութեան Ընդհանուր տեսութիւնը, ո՛չ քուանտային բնագիտութիւնը, ո՛չ մաթեմատիկան, ո՛չ փիլիսոփայութիւնը, ո՛չ էւկլիդէսեան կամ ֆռակթալ երկրաչափութիւնը, ո՛չ քառաչափ տարածաչափութիւնը եւ այլն, չեն կարող ընդգրկել եւ չեն ընդգրկում Ամբողջը, ուստի, դրանք միշտ մասնաւոր են ու թերի։ Այդ է պատճառը, որ, հակառակ անթիւ-անհամար փորձերին, գիտութեանն այդպէս էլ չի յաջողւում եւ երբեք էլ չի յաջողուի գտնել «տիեզերքի բանալին» կամ ստեղծել որոնելի-երանելի «քուանտային գրաւիտացիայի» համապարփակ տեսութիւնը։ Այնշթայնն ինքը, ինչպէս վայել է իսկական հանճարին, յատկապէս, կեանքի վերջին շրջանում արդարացիօրէն խոր կասկածներ ունէր իր իսկ ստեղծած Յարաբերականութեան Ընդհանուր տեսութեան ճշմարտացիութեան վերաբերեալ, քանի որ այդ տեսութիւնը՝ հակառակ դրա «անսխալականութեան» մասին գիտութեան քարոզիչների դոգմատիկ պնդումների, բազմաթիւ դէպքերում յանգեցնում է ճանաչողական անելանելի փակուղու (եզակիութիւններ կամ անվերջութիւններ՝ «Մեծ Պայթիւն», «Սեւ Խոռոչ», «մութ մատերիա», «մութ էներգիա» եւ այլն)՝ անկարող պատասխանելու նոյնիսկ բնական-տրամաբանական տարրական հարցերի, ինչպէս՝ եթէ տարածաժամանակի անչափում հիւսուածքը զանգուածի ծանրութեան տակ կորանում է, ապա դէպի ո՞ւր է կորանում եւ կամ՝ եթէ տիեզերքն արագացումով ընդարձակւում է, ապա դէպի ո՞ւր է ընդարձակւում, էլ չասած՝ լոյսի բացարձակ հաստատունի անժխտելի տատանումների եւ այն մասին, որ տիեզերական համակարգի 95 տոկոսը մնում է բոլորովին անյայտ ու անըմբռնելի եւ այլն, եւ այլն։
Այսպիսով, Ամբողջը միշտ անհասանելի է ու աննուաճ՝ անկախ այն բանից, թէ մենք Ամբողջ ասելով՝ ինչ նկատի ունենք՝ տիեզե՞րքը, բնութի՞ւնը, կեա՞նքը, թէ՞ մէկ առանձին մարդու հոգին կամ որեւէ առարկայ։ Պատճառն այն է, որ Ամբողջի ընկալումը մարդկային գիտակցութեանը տրուած է ի սկզբանէ (ապրիորի) եւ իւրաքանչիւր առանձին դէպքում ակնթարթօրէն ընդունում է այն ձեւը, որ մասը, տուեալ դէպքում՝ մարդը, համարում է Ամբողջ։ Դա նշանակում է, որ Ամբողջն անվերջ կենդանի եւ ամբողջական Գիտակցութիւն է եւ երբեք չի կարող յանգել որեւէ մտքի (կատեգորիա, տեսութիւն), գաղափարի (բարի, չար) կամ պատկերացման (աստուած, սատանայ) եւ այլն։
Դա նշանակում է նաեւ, որ Ամբողջը՝ Կենդանի Ամբողջը, երբեք չի կարող յարաբերել իր Մասին, յանգել նրան եւ հանդէս գալ նրա անունից, այսինքն՝ դառնալ մաս (այլապէս ինչպէ՞ս կարող էր լինել Ամբողջ)։ Ուստի, Մասն էլ իր հերթին չի կարող յարաբերել Ամբողջին, քանի որ նա միշտ մնում է մաս՝ մասնաւոր, մասնակի եւ, առանց բացառութեան, հանդէս է գալիս իբրեւ ինչ-որ բանի մաս, որն իր հերթին նոյնպէս մաս է՝ մէկ ա՛յլ մասի մաս՝ անկախ այն բանից, թէ նա ինչ է «մտածում» այդ մասի առնչութեամբ․ յարաբերում է նրան իբրեւ ամբողջի՞, թէ՞, ընդհակառակը, համարում է այն իր իսկ մասը։ Պարզ օրինակով՝ եթէ երկիրը մասն է արեգակնային համակարգի, ապա վերջինս էլ մասն է Ծիր Կաթին գալակտիկայի, վերջինս էլ՝ Լանիակէա կոչուած գերգալակտիկայի, վերջինս էլ՝ մէկ այլ գալակտիկական համախմբի, եւ այսպէս՝ մինչեւ այն, ինչ մենք, պարզապէս, անուանում ենք տիեզերք, որը, սակայն, երբեք չի կարող ներկայացնել Ամբողջը, քանի որ իր հերթին կարող է լինել մասը մէկ այլ՝ մեզ անյայտ գերտիեզերքի, սա էլ՝ մէկ ուրիշի, եւ այդպէս՝ անվերջ։
Այսպիսով, տեսնում ենք, որ Մասի եւ Ամբողջի Անշրջելիութեան սկզբունքը իւրաքանչիւր առանձին դէպքում եւ բոլոր դէպքերում մնում է անխախտելի ու անփոփոխ՝ անկախ այն բանից, թէ ինչ առնչութեամբ եւ ինչպէս է «կիրառւում» այն։ Ասել է թէ՝ մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ գոյութիւն ունեն եւ կարող են գոյութիւն ունենալ միայն անվերջ մասեր։ Այստեղից բխում է, որ աշխարհում գոյութիւն ունեցող բոլոր փոխյարաբերութիւններն ու փոխազդեցութիւնները անխուսափելիօրէն գործում են միայն մասերի միջեւ (այստեղ է, ի դէպ, Այնշթայնի տեսութեան գոյաբանական վրիպումը)։ Ուստի, սկզբունքօրէն բացառւում է, որ որեւ մաս ունենար բացարձակութեան հանգամանք (ինչպէս, ասենք, լոյսն իր արագութեամբ)։ Աշխարհում չկայ ոչինչ, որ չլինէր մաս եւ բաղկացած չլինէր մասերից։ Ահա թէ ինչու մի «վերջին», «անտրոհելի», «աստուածային» մասնիկ («նախատոմ», «անդրպլանկեան մութ մասնիկ» եւ այլն), որի վրայ հիմնուած լինէր եւ որից ծագէր տիեզերքը, գոյութիւն չունի եւ չի կարող ունենալ (այստեղ էլ վրիպում է քուանտային բնագիտութիւնը. Հիգս-մասնիկի «յայտնութեան» առասպելը) եւ այլն։
Մասերի փոխյարաբերութիւնը հնարաւոր է դարձնում Շարժումն առհասարակ, որը՝ իբրեւ ինքնապարփակ-ինքնանպատակ մի համակարգ, դատապարտուած կլինէր չգոյութեան, եթէ չվերածուէր Փոփոխութեան՝ նման լեռներով շրջափակուած մի մեկուսի լճի, որի մէջ ոչ մի գետ չի թափւում եւ որից ոչ մի գետ չի սկսւում, այլ ինքն իր մէջ անվերջ ալիքուելով-եռալով՝ անխուսափելիօրէն ճահճանում է եւ, ի վերջոյ, ցամաքում։ Փոփոխութիւնը՝ Շարժումից ծնուած այդ «գետը», սովորաբար, մենք անուանում ենք Իրականութիւն, որը գոյանում է հէնց Մասի եւ Ամբողջի Անշրջելիութեան սկզբունքի հիմնիխոր ներգործութեամբ։
Ասուածը փիլիսոփայական իմաստով գուցէ եւ ճիշտ է, սակայն ի՞նչ կապ ունի այն օրհասական իրավիճակի հետ, որի մէջ այժմ գտնւում է Հայաստանը։
Ամենաուղիղ եւ անմիջական կապ։
Գ
Այդ կապը բացայայտելու համար հարկ է նախ պատասխանել այն հարցին, թէ ինչպէ՞ս է տեղի ունենում Փոփոխութիւնը, որ նոյնն է թէ՝ ինչպէ՞ս է գոյանում Իրականութիւնը։ Շարժումը վերածւում է Փոփոխութեան՝ համաձայն մէկ այլ բնական օրէնքի, որի էութիւնն այն է, որ իւրաքանչիւր մաս ինքնաբերաբար ձգտում է դառնալ ամբողջ՝ ըստ տրուած գոյաբանական հնարաւորութիւնների եւ անկախ այն բանից, որ դրա վրայ դրուած է Մասի եւ Ամբողջի Անշրջելիութեան սահմանային արգելքը։ Դա կատարւում է նաեւ անկախ այն բանից, թէ բոլոր դէպքերում եւ իւրաքանչիւր առանձին դէպքում ինչո՞վ եւ ինչպէ՞ս է աւարտւում այդ Ձգտումը։ Այդ հակասութիւնը լարում է առաջացնում Անշրջելիութեան սկզբունքի եւ ամբողջին տիրանալու մասի Ձգտման միջեւ, եւ այդ լարումից անխուսափելիօրէն ծնւում է Փոփոխութիւնը՝ իբրեւ էներգիայի պարպման մի «ինքնաշխատ մեխանիզմ», որը ուղղութիւն է հաղորդում Շարժմանը՝ մասերի փոխյարաբերութիւնները համամասնօրէն մղելով դէպի մի որոշակի հուն։ Ծանօթ համաբանութեամբ՝ դա նման է ծովի բազմախայտ ալիքումներին, որոնք ինքնաբերաբար ձգտում են նուաճելու ցամաքը, սակայն բախուելով ափի սահմանային անհաղորդ անշարժութեանը՝ յետ են դառնում՝ ստեղծելով ծովի ալիքային փոխյարաբերութիւնների նո՛ր պատկեր։ Չկայ այնպիսի մաս, որ «բռնուած» չլինէր ամբողջ դառնալու այդ անմարելի «տենդով», ինչպէս չկայ որեւէ ծով, որ չփորձէր կլանել ցամաքը։ Մասի՝ ամբողջ դառնալու Ձգտման օրէնքի եւ Մասի ու Ամբողջի Անշրջելիութեան սկզբունքի արմատական տարբերութիւնն այն է, որ առաջինը հակադարձելի է, երկրորդը՝ ոչ, ինչը թոյլ չի տալիս, որ ամբողջին տիրանալու մասի Ձգտումը վերածուի Գոյութեան սահմանային օրէնքի կամ Գոյակարգի սկզբունքի (հակառակ դէպքում Գոյութիւնը կոչնչանար)։ Սակայն երկուսն էլ էլ ի սկզբանէ տրուած են մարդկային Գիտակցութեան մէջ՝ իբրեւ Գոյութեան Երկուութեան կամ Բեւեռայնութեան սկզբունքի անհրաժեշտ նախադրեալներ․ Ձգտման օրէնքը՝ իբրեւ Իրականութեան իռացիոնալ ընկալում, որն անխուսափելիօրէն սպառնում է մասի գոյութեանը (քանի որ մասին միշտ մղում է դէպի անկում, կործանում ու ոչնչացում), իսկ Անշրջելիութեան սկզբունքը՝ իբրեւ Իրականութեան ռացիոնալ ընկալում, որի շնորհիւ ապահովւում է որեւէ մասի՝ իբրեւ այդպիսինի, գոյութիւնը (առանց դրա՝ մասը չի կարող հասնել գոյաբանական ինքնահաստատման)։
Այս օրինաչափութիւնն առանձնապէս վառ դրսեւորւում է մարդկութեան պատմութեան պարագային, որը մասի այդ իռացիոնալ Ձգտման անվերջ կրկնուող մի ինքնաբաւ հոլովոյթ է, որ վերաբերում է մարդկային կեանքի բոլոր ձեւերին՝ քաղաքական, հանրային, կրօնական, գիտական, անհատական եւ այլն։ Երբ յընդհանուրս դիտարկում ենք մարդկութեան պատմութիւնը, ապա գտնում ենք դրա համատարած հաստատումը․ տեսնում ենք, թէ ինչպէս են «սեփական զանգուածի ճնշման տակ» առաջանում ազգեր, երկրներ, պետութիւններ եւ կայսրութիւններ, որոնք որոշ ժամանակ գոյատեւելուց յետոյ քայքայւում են ու կործանւում։ Նոյն տեղում եւ նոյն ժամանակ դրանց անմիջապէս փոխարինում են նորերը, որոնք որոշ ժամանակ անց նոյնպէս արժանանում են նոյն ճակատագրին՝ իրենց հերթին «ծնունդ տալով նո՛ր աստղերի»։ Ընդ որում, պատմական ընթացքի այդ կշռոյթը գործում է՝ անկախ տեղից ու ժամանակից եւ անկախ քաղաքակրթութեան ընդհանուր առաջընթացից, մարդկային կեանքի զարգացումից ու հանրակարգային ձեւերից ու նպատակներից։ Նոյնը կատարւում է նաեւ կրօնի ու գիտութեան պարագային, որոնք անվերջ ծնւում են, ինքնահաստատւում ու, ի վերջոյ, կործանւում, թէեւ դրանք՝ իբրեւ հանրային գիտակցութեան առաւել վերացական ձեւեր, աւելի դիմացկուն են ու երկարակեաց, քան մարդկային ինքնակազմակերպման թանձրացական ձեւերը։ Դա ցոյց է տալիս, որ որեւէ երկրի կամ պետութեան ընդարձակուելու եւ այլ երկրներ ու ժողովուրդներ նուաճելու այդ մղումը բոլորովին բնական անհրաժեշտութիւն է, որը վերաբերում է անխտիր բոլոր ազգերին ու երկրներին, եւ «առիւծի ու եղնիկի» խաղաղ գոյակցութեան ծանօթ երազանքն այդպէս էլ երբեք չի իրականանայ ու հաւերժօրէն կմնայ որպէս կրօնական ցնորք։ Միաժամանակ, ամբողջին տիրանալու մասի այդ Ձգտումը՝ հանդիպելով Անշրջելիութեան սկզբունքին, անհրաժեշտաբար յարուցում է դրա կրողի՝ կլանող մասի, անխուսափելի կործանումը (բախումը «ցամաքի» հետ)՝ իր հակադարձումով ապահովելով Փոփոխութեան կամ Իրականութեան գոյաբանական անընդհատութիւնը։
Դ
Երբ որեւէ մաս, ինքն իր հետ հասնելով գոյաբանական նոյնականութեան, դառնում է ինքնիշխան, նա ամբողջը կլանելու իր Ձգտման պատճառով ինքնաբերաբար մղւում է ընդարձակելու իր իշխանութիւնը հարեւանների վրայ, եւ եղանակը, որով դա կատարւում է, կոչւում է համընդհանրացում (Գլոբալիզացիա), երբ նա իր քաղաքական, տնտեսական, կրօնական եւ մշակութային ստուերը քղանցքի պէս ամբողջովին կամ մասնակի փռում է իր շուրջն ու աւելի հեռու։ Այդ երեւոյթը նման է բջջային կենսաբանութեան մէջ հանդիպող մի սկզբունքի, որ կոչւում է արտաքին միջամտութեամբ կատարուող մուտացիա, իսկ դրա կրողը՝ մուտանտ, ինչը փոխում է Գլոբալիզացիայի ենթարկուող մասի ծնեալ ինքնընկալումը։ Գոյութիւն ունեն քաղաքական, տնտեսական, կրօնական, մշակութային եւ այլ տեսակի մուտացիաներ, որոնք կարող են առանձին դէպքերում անճանաչելիօրէն փոխել, իսկ որոշ դէպքերում՝ նաեւ ոչնչացնել մուտանտին՝ առաջացնելով նոր ժողովուրդներ, երկրներ, պետութիւններ։ Գլոբալիզացիայի դասական օրինակ է Հելլենական կայսրութիւնը, երբ Յոյները, յաղթելով Պարսկական կայսրութեանը, հասան իրենց փառքի ու հզօրութեան գագաթնակէտին ու փորձեցին նուաճել ամբողջ աշխարհը՝ դրանով իսկ միաժամանակ հիմք դնելով Յունական Աշխարհի ինքնակործանմանը՝ վերը նշուած Ձգտման օրէնքին եւ Անշրջելիութեան սկզբունքին համահունչ։ Նոյնը վերաբերում է նախորդ ու յաջորդ բոլո՛ր կայսրութիւններին։
Նոյն պատկերն ենք տեսնում նաեւ կրօնների պարագային, երբ մարդկութեան մէկ մասի (ազգի) կրօնը Գլոբալիզացիայի ճանապարհով փորձում է նուաճել ամբողջ աշխարհը՝ մեծ մասամբ ուղեկցուած արիւնալի պատերազմներով, բռնութեամբ, հարկադրանքով, կեղծիքով ու խաբէութեամբ, ճիշտ ինչպէս դա տեղի ունի քաղաքական Գլոբալիզացիայի պարագային։ Այդպէս են տարածուել բոլոր, այսպէս կոչուած, «համաշխարհային կրօնները»՝ Յուդայականութիւնը, Քրիստոնէութիւնը, Բուդդհայականութիւնը կամ Իսլամը, որոնք ձեւախեղելով՝ մուտացիայի են ենթարկել այլ մասերի (ազգերի) գոյաբանական ինքնութիւնը՝ երբեմն էլ առիթ տալով ամբողջ ժողովուրդների ինքնաոչնչացման։ Դա կատարւում է բնականօրէն տրուած ազգային ինքնութիւնը օտար կրօնական ինքնութեամբ նենգափոխելու եղանակով, որը, հասկանալի է, կարող է տեւել միայն այնքան ժամանակ, մինչեւ տուեալ կրօնի՝ իբրեւ մասի, ամբողջը կլանելու Ձգտումը հանդիպում է Մասի եւ Ամբողջի անշրջելիութեան սկզբունքին, ինչի հետեւանքով գլոբալիզացուած մասը հակադարձուելով՝ բռնում է կործանման ճանապարհը։ Ինչպէս ցոյց են տալիս փաստերը, «համաշխարհային կրօնների» ծաւալապաշտական այդ մղումը սովորաբար իր գագաթնակէտին է հասնում մօտ մէկ հազարամեակի ընթացքում, որից յետոյ անխուսափելիօրէն սկսւում է գահավիժումը, ինչպէս դա կարելի է տեսնել Քրիստոնէութեան ծագման, հաստատման եւ անկման օրինակով։ Կայսրութիւնների քաղաքական գլոբալիզացիայի համեմատութեամբ՝ կրօնների այդ երկարակեցութեան «գաղտնիքն» այն է, որ ամբողջին տիրանալու մասի Ձգտման իռացիոնալիզմը կրօնների պարագային բազմապատկւում է նաեւ այն բանով, որ կրօններն ինքնի՛ն արդէն արգասիք են Իրականութեան իռացիոնալ ընկալման եւ իրենց բնոյթով յաւելեալ «էներգիա» են հաղորդում ամբողջը կլանելու մասի Ձգտմանը, ինչը նրանց հնարաւորութիւն է տալիս աւելի երկար մնալ «երկնքում»՝ ի սկզբանէ Իրականութիւնից կտրուած լինելու շնորհիւ։ Պատկերաւոր ասած, դա մօտաւորապէս նման է երկաթի ու փետուրի համաժամանակեայ անկմանը, երբ երկաթն ուղիղ գծով սուրում է ցած ու բախւում գետնին, իսկ փետուրը որոշ ժամանակ դեռեւս դանդաղ ու հանգամանօրէն սաւառնում է օդում, մինչեւ նրբօրէն աննկատ նոյնպէս վայրէջք է կատարում յատակի փոշիներում։
Գիտութեան պարագան շատ աւելի բարդ պատկեր է ներկայացնում, աւելի խոր ու խճճուած, որովհետեւ նրա յարաբերութիւնները Գոյակարգի խնդրոյ առարկայ օրէնքներին միջնորդաւորուած են մարդկային մտքի գոյաբանական տրոհականութեամբ (ենթակայ–առարկայ), որը Գիտութեան ձեւաւորման վճռական գործօններից է եւ նիւթ ա՛յլ խօսակցութեան, սակայն իբրեւ հանրային գիտակցութեան ձեւ՝ Գիտութիւնը եւս ենթարկւում է յիշեալ օրինաչափութիւններին։ Նշենք միայն, որ անցումները հին հնդկական, հին չինական, հին եգիպտական, հին յունահռոմէական, միջնադարեան-կղերական եւ արդի արեւմտեան, գլխաւորապէս՝ ռեդուկցիոնիստական գիտաձեւերի միջեւ կատարւում են ճիշտ այն նոյն եղանակով, ինչ կայսրութիւնների եւ կրօնների պարագային։
Ե
Այսպիսով, տեսնում ենք, որ ամբողջին տիրանալու մասի Ձգտումը եւ Մասի ու Ամբողջի Անշրջելիութեան սկզբունքը տրոփում են մարդկութեան պատմութեան բուն սրտում եւ իւրաքանչիւր առանձին դէպքում եւ բոլոր դէպքերում որոշում դրա յարափոփոխ ու անխափան ընթացքը։ Եւ այն հանգամանքը, որ այդ ընթացքն անվերջ կրկնւում է՝ իբրեւ Իրականութիւն, ցոյց է տալիս, որ այդ օրէնքները գործում են բացարձակապէս անկասելի ու ինքնաբերաբար, եւ մարդկային ենթակայական միջամտութեան ցանկացած գիտակցուած կամ չգիտակցուած փորձ անզօր է դոյզն-ինչ ազդելու դրանց վրայ եւ կարող է ընդամենը անհատական մակարդակում նուազագոյն չափով փոխել Իրականութեան իռացիոնալ եւ ռացիոնալ ընկալման յարաբերակցութիւնը։ Ահա թէ ինչու «պատմութիւնից դասեր քաղելու», «պատմական փորձը հաշուի առնելու», «սխալները չկրկնելու» եւ նման արտայայտութիւններ չունեն ո՛չ մի իրական հիմք ու պատճառականութիւն, ուստի բացարձակապէս անհեթեթ են ու անիմաստ, քանի որ որեւէ հանրոյթ երբեք չի կարող խուսափել Մասի ու Ամբողջի ե՛ւ Ձգտման, ե՛ւ Անշրջելիութեան օրէնքների ներգործութիւնից եւ «ուզած թէ չուզած» «խոնարհաբար» ենթարկւում է դրանց հրամայական թելադրանքին՝ տուեալ ժամանակային համապատկերում։
Եթէ այդպէս չլինէր, ապա, ասենք, Խորհրդային կայսրութիւնը՝ աչքի առջեւ ունենալով Օսմանեան կայսրութեան «դառը ճակատագիրը», ամեն ինչ կանէր, որպէսզի խուսափէր փլուզումից, իսկ, ասենք, Իսլամը, տեսնելով Քրիստոնէութեան «անփառունակ վախճանը»՝ Լուսաւորութեան հարուածներից, կհրաժարուէր արմատականացումից, որ ստոյգ նշանն է որեւէ երեւոյթի «վերջի սկզբի», եւ կամ Յուդայականութիւնը թոյլ չէր տայ կրօնախեւ ցանկամտութեան այն կործանարար յորձանքը, որ այժմ հեղեղել է ոչ միայն հրեայ ժողովրդին, այլեւ մի ամբողջ պետութիւն՝ Իսրայէլը։ Նոյնը վերաբերում է նաեւ գիտութեանը․ արիստոտելեան-պտղոմէոսեան Երկրակենտրոն կղերապատկան համակարգը ծաղրելու փոխարէն՝ արդի տիեզերագիտութիւնը պէտք է փորձէր ըմբռնել, թէ ինչն է պատճառը, որ ինքը, թէեւ թեւաւորուած Նիւտոնով ու Այնշթայնով, այնուամենայնիւ, ուղիղ գծով կրկնում է իր ծաղրի առարկայի ճակատագիրը՝ իր համակարգը հետզհետէ վերածելով ոչնչով չապացուցուած գիտական դոգմաների մի կոյտի՝ երեւակայական-առասպելաբանական, գրեթէ աստուածաբանական պնդումներ անելով տիեզերքի ծագման, ընթացքի եւ վախճանի վերաբերեալ՝ հիմնուելով սոսկ Յարաբերականութեան Ընդհանուր տեսութեան, մտափորձերի, ենթադրութիւնների ու ապացուցման մաթեմատիկական մոդելների վրայ՝ մոռանալով, որ Երկրակենտրոն համակարգը նոյնպէ՛ս եւ նոյնքա՛ն հիմնուած էր մաթեմատիկական անթերի, գուցէ մարդկութեան պատմութեան մէջ երբեւէ եղած ամենաներդաշնակ եւ կատարեալ հաշւումների վրայ․․․
Հասկանալի է, որ ամբողջին տիրանալու մասի Ձգտման օրէնքը վերաբերում է Գոյակարգի բոլոր գոյակիր տարրերին՝ տարրական մասնիկներից մինչեւ հսկայ գալակտիկաներ, ցեղային համայնքներից մինչեւ հսկայ կայսրութիւններ, կրօնական խմբերից մինչեւ կրօնական համաշխարհային համակարգեր, ժողովրդական իմաստութիւնից մինչեւ բարդագոյն գիտակարգեր՝ Ձգտման «լիցքի» համապատասխան մեծութեամբ եւ ազդեցութեան դաշտով։ Ո՞րն է, սակայն, այն դարձակէտը, որտեղ մասի աճի, զարգացման, ինքնահաստատման ու ինքնաբաւութեան վերընթաց սլաքը յանկարծ շուռ է գալիս ու բռնում ինքնաբացասման՝ անկման ու կործանման ճանապարհը՝ անկախ հանրային սկզբունքների գեղեցկութինից, կրօնական հաւատի ջերմեռանդութիւնից կամ գիտական մտքի թռիչքներից եւ այլն։
Այստեղ արդէն «խաղի» մէջ է մտնում Գոյակարգի մէկ ուրիշ հիմնարար սկզբունք՝ Գոյութեան Երկուութեան կամ Բեւեռայնութեան օրէնքը, որն ինչպէս բնութեան, այնպէս էլ մարդկային կեանքի զարգացման պարտադիր պայման է՝ սփռուած Գոյակարգի «աստիճանակարգութեան» բոլոր չափումներում՝ վարից վեր, վերից վար, լայնքով, խորքով ու երկայնքով։ Գոյութիւն չունի այնպիսի մաս, որ չունենար իր հակոտնեայ զոյգը՝ «իր կերպարով ու նմանութեամբ», բայց «հակառակ նշանով», ինչպէս, ասենք, աստուած – սատանայ, մասնիկ – հակամասնիկ, կայսրութիւն – թշնամի կայսրութիւն եւ այլն։ Այնքան ժամանակ, քանի դեռ այդ հակոտնեայ մասերը պայքարում են իրար դէմ՝ բռնուած ամբողջին տիրանալու մոլուցքով, նրանց զարգացման սլաքն ունի դրական ուղղուածութիւն, իսկ երբ դրանցից մէկն ու մէկը տեղի է տալիս ու լքում պայքարի ասպարէզը, սկսւում է երկուստեք անկումը՝ անկախ մի կողմի յաղթանակից կամ միւսի պարտութիւնից։ Բախուելով Անշրջելիութեան սկզբունքի անյողդողդ «ժայռին»՝ նրանք հակադարձւում են՝ տեղ բացելով նոր յաւակնորդ հակազոյգի համար։ Դա մօտաւորապէս նման է տարրական մասնիկների փոխկապակցուածութեան սկզբունքին, երբ անկախ նրանց միջեւ եղած հեռաւորութիւնից՝ մէկի իրավիճակի փոփոխութիւնն ակնթարթօրէն յարուցում է նոյնպիսի փոփոխութիւն նաեւ միւսի պարագային։ Այս օրինաչափութիւնը կարելի է տեսնել կեանքի բոլոր բնագաւառներում՝ մարդկային առօրեայ յարաբերութիւններից մինչեւ կրօն ու քաղաքականութիւն, պարզամիտ «հաւերժական ճշմարտութիւններից» մինչեւ տիեզերագիտութիւն ու քուանտային համակարգեր։
Օրինակ՝ քանի դեռ գոյութիւն ունէր Խորհրդային Միութիւն – Ամերիկա/Արեւմուտք հակազոյգը, նրանց պայքարը զարկ էր տալիս երկկողմանի զարգացման, իսկ երբ փլուզուեց Խորհրդային կայսրութիւնը, եւ Ամերիկեան կայսրութիւնը մնաց մենակ, վերջինս՝ գինովցած իր յաղթանակից, սկսեց բացէիբաց յաւակնել համաշխարհային բացարձակ տիրապետութեան՝ առանց հասկանալու, որ դրանով իսկ դատապարտում է ինքն իրեն անփրկում կործանման՝ համաձայն Անշրջելիութեան սկզբունքի, եւ իրեն չի կարող օգնել նոյնիսկ նոր հակաբեւեռ «յօրինելու» իր մեծամիտ ջանքը («միջազգային ահաբեկչութիւն», Ռուսաստան, Չինաստան եւ նոյնիսկ՝ Հիւսիսային Կորեա եւ այլն)։ Նա կուրամտաբար անտեսեց այն հանգամանքը, որ նշուած երկրները ոչ թէ կայսրութիւն են, այլ ազգային պետութիւններ (ինքնիշխան մասեր), որոնք դեռ Գլոբալիզացիայի ճանապարհ ունեն անցնելու՝ կայսրութիւններ դառնալու համար։ Ահա թէ ինչու Ռուսաստան – Արեւմուտք ներկայ պատերազմը, որի անթաքոյց նպատակը Արեւմուտքի ուղղակի գերիշխանութեան հաստատումն է Ռուսաստանի նկատմամբ՝ մասնատման կամ գաղութացման միջոցով, անխուսափելիօրէն աւարտուելու է Ռուսաստան – Չինաստան դաշինքի յաղթանակով, այն աստիճան, որ եթէ նոյնիսկ մի պահ պատկերացնենք, թէ այդ երկրները հրաժարւում են դրանից, միեւնոյն է, ամբողջին տիրանալու մասի Ձգտման օրէնքը «ստիպելու» է, որ նրանք տէր կանգնեն այդ յաղթանակին։ Ըստ ամենայնի, այդ երկուսը՝ Ռուսաստանը եւ Չինաստանը Գոյակարգի Երկուութեան կամ Բեւեռայնութեան սկզբունքի կողմից «ընտրուել» են իբրեւ յաջորդ յաւակնորդ հակազոյգը՝ իրար դէմ պայքարելու համար եւ ոչ թէ փլուզուող Ամերիկեան կայսրութեան կամ, յընդհանուրս, Արեւմտեան Աշխարհի, որը էպոսի միայնակ մնացած հերոսի պէս փնտրում է սեփական մահը։ Ռուսաստան – Չինաստան հակամարտութեամբ կսկսուի համաշխարհային դիմակայութեան մի նոր դարաշրջան, մինչեւ դրանցից մէկնումէկի յաղթանակը կամ պարտութիւնը, ապա դրանք եւս կանցնեն պատմութեան գիրկը՝ ծնունդ տալով յաջորդ՝ բոլորովին նոր մի հակազոյգի, եւ այսպէս՝ անվերջ ու շարունակ․․․
Արեւմտեան աշխարհի ինքնակործանման ամենացայտուն ու արմատական դրսեւորումներից է նաեւ Իսրայէլի պարագան։ Եօթնապատիկ զրահաւորուած օտար հզօրութեամբ եւ վստահ՝ սեփական «եզակիութեանը», «բացառիկութեանը», «ընտրեալութեանը», աշխարհին տիրելու իր «աստուածային առաքելութեանը»՝ այդ եղունգաչափ երկիրը ոչ միայն ամբարտաւան արհամարհանքով ոտնակոխ է անում բոլոր մարդաստեղծ օրէնքները, այլեւ Գոյակարգի սկզբունքները՝ ապաւինելով ինչ-որ ցնորական «սուրբգրային խոստման» եւ «հրէական ընտրեալ հանճարի» ամենազօրութեան ու դրամատիրական ամենակարողութեան առասպելին։ Փորձելով հասնել միջազգային անվիճելի գերիշխանութեան՝ նա տենչում է ստեղծել, այսպէս ասած, «երկրորդային» կայսրութիւն՝ «Մեծ Իսրայէլ»՝ ոչնչի առջեւ կանգ չառնելով։ Չնայած իր «անպարտելի» մտքին ու բազկին՝ նա, սակայն, ի վիճակի չէ ըմբռնելու մի պարզ ճշմարտութիւն՝ այն, որ ոչնչացնելով իր շրջակայ հարեւաններին ներկայում՝ ինքը դրանով իսկ միաժամանակ ոչնչացնում է ինքն իրեն ապագայում՝ ըստ Գոյակարգի Մասի եւ Ամբողջի Անշրջելիութեան սկզբունքի։ Պատահական չէ, որ Իսրայէլ երկիրը, որի գոյութիւնը բացառապէս հիմնուած է զոհի հանգամանքի վրայ, արդէն իսկ վերածուել է իր իսկ հակոտնեային՝ առնելով դահճի կերպարանք՝ ցեղասպանելով նոյնքան բնիկ մէկ այլ ժողովրդի՝ պաղեստինցիներին, ընդ որում, այն նոյն գազանաբարոյ դաժանութեամբ ու մղձաւանջային եղանակներով, ինչ Ֆաշիստական Գերմանիան՝ հրեաներին։ Դա ստեղծում է գոյակարգային մի բացասական հաւասարակշռութիւն, որը ոչնչացնում է այդ երկրի ոչ միայն մարդկային-բարոյական, այլեւ բնական եւ նոյնիսկ՝ բնազանցական հիմքը․ չէ՞ որ այնտեղ, որտեղ գտնւում էր այդ երկիրը՝ որպէս վերածնուած Զոհ, այժմ այլեւս գոյութիւն չունի․ նրա տեղն զբաղեցնում է անմարդկային դէմքով մի Դահիճ։ Ուստի, կարելի է ասել, որ հրեաների՝ անկախ պետութիւն ստեղծելու, այսինքն՝ ինքնիշխան մաս դառնալու, պատմութեան ընձեռած եզակի հնարաւորութիւնն անվերադարձ մսխուած է, իսկ փորձը՝ վերջնականապէս ձախողուած՝ իրենց իսկ ձեռքով ու մեղքով, եւ ընդամենը ժամանակի հարց է, երբ այդ երկիրը կանհետանայ նաեւ աշխարհի քարտէզից՝ առանց նոյնիսկ արտաքին միջամտութեան կամ պատերազմի։
Զ
Ամբողջին տիրանալու մասի Ձգտման հակադարձումը տեղի է ունենում հետեւեալ կերպ․ Անշրջելիութեան սկզբունքից ստացած յետհարուածը մասի մէջ առաջացնում է ինքնաբացասման մի «ստորերկրեայ հոսանք», որը քայքայում է նրա գոյաբանական կազմութիւնը, եւ Իրականութեան ընկալման իռացիոնալիզմը վերաճում է ախտաբանական ցանկամտութեան, որը եւ յարուցում է մասի վերջնական փլուզումը։ Այս է ամեն տեսակի Գլոբալիզացիայի անխուսափելի ճակատագիրը։ Այդպէս էր, օրինակ, նոյն Խորհրդային կայսրութեան մայրամուտին, այդպէս է նաեւ Արեւմտեան Աշխարհի պարագային, որն այժմ նոյնպէս բռնուած է անկման «թոհուբոհով»։ Ուստի, բոլորովին պատահական չէ, որ այն, ինչ կազմում էր «Արեւմտեան դրախտի» յաղթական առաւելութիւնը՝ բարեկեցութիւն, լիառատութիւն, ժողովրդավարութիւն, մարդու իրաւունքներ ու օրինականութիւն, գիտութիւն ու մարդասիրութիւն եւ այլն, մեր աչքի առջեւ ապշելիօրէն արագ պսակազերծւում է ու իմաստազրկւում՝ վերածուելով դատարկահնչիւն երեսպաշտութեան, գիշատիչ խաբէութեան, նախայարձակ խարդախութեան, անբռնազբօս ստի ու խաբկանքի, եւ «խաղաղութեան աղաւնին» յանկարծ դառնում է «պատերազմի բազէ»՝ վերջնականապէս հաստատելով կեղծիքի գերիշխանութիւնը մարդկային գործունէութեան բոլոր ասպարէզներում։ Բարու եւ չարի կրօնական առասպելը դառնում է բարձրագոյն իրականութիւն, եւ նրանց միջեւ թանձրաներկ գծուած սահմանը աչալուրջ հսկւում է գծողի քիմքին համապատասխան՝ սեփական ես-ին վերապահելով դատական ատեանի անառարկելի դեր ու նշանակութիւն։ Լուսաւոր, հանգիստ ու հաւասարակշիռ իշխանաւոր կամ մտաւորական մարդիկ համակւում են մղձաւանջային տգիտութեամբ ու նեղճակատ ինքնավստահութեամբ՝ դաւելով իրենց իսկ էութեանը, եւ կենդանական բնազդների ստուերից, ասես իրար ձայն տալով, դուրս են սողում արկածախնդիր, խեղկատակ, անկանխատեսելի մարդկանց խմբեր, որոնք որոշում են ամբողջ ազգերի ու երկրների ճակատագիրը։ Մեքենան փողոցում կայանելու ձեւն ու դիրքը դառնում են պատմական կարեւորութեան խնդիրներ, իսկ այլուրեք ցեղասպանուող երեխաների ու կանանց սրտապատառ լացն ու ճիչերը «բարեխղճօրէն» խլացւում են համաշխարհային ահաբեկիչների հետ քնքշաշրշիւն ձեռքսեղմումներից ու կիսաձայն գրկախառնումներից ելնող «մարդու իրաւունքների» բարձրաղաղակ հաւաստիացումների ժխորում։ Եւ անտարբերութիւնը դառնում է ծափահարելի յատկութիւն, անտրամաբանութիւնը՝ մտքի բարձրաթռիչ ճախրանք, բարոյական ամենաթողութիւնը՝ ազատատենչութեան չափանիշ, դաւաճանութիւնը՝ տարփողելի հերոսութիւն, խարդաւանքը՝ իմաստութեան ու բարձրաճաշակ մտքի ճկունութեան նշան։ Տնտեսական, քաղաքական եւ քաղաքակրթական ցեղախտրական ամբարտաւանութիւնն այլեւս չի թաքնւում բարեկիրթ ու բարեկամական կիսաժպիտների տակ՝ իբրեւ «գերմարդու» եւ «ենթամարդու» «հաւասար» փոխյարաբերութեան առհաւատչեայ, եւ որքան խորանում է բարոյական քայքայման այդ անդունդը, այնքան ինքնակործանման գործընթացը դառնում է անկասելի՝ գահավիժելով դէպի վերջնաղէտ։
Իսկ բուն աղէտն այն է, որ Իրականութեան իռացիոնալ ընկալումը, ոտնատակ տալով մարդկային ու բնական բոլոր օրէնքները, հասնում է իր գագաթնակէտին՝ երեւոյթներն ամբողջովին հակադարձելով իրենց հակոտնեային․ մասը դառնում է ամբողջ, ամբողջը՝ մաս, բռնութիւնը՝ ազատութիւն, ազատութիւնը՝ բռնութիւն, յաղթանակը՝ պարտութիւն, պարտութիւնը՝ յաղթանակ, բարեկամութիւնը՝ թշնամութիւն, թշնամութիւնը՝ բարեկամութիւն եւ այսպէս շարունակ։ Մարդկային ընկալման այդ գլխիվայր խեղումները հետզհետէ դառնում են համատարած եւ վճռորոշ՝ «լուսաւորեալ մարդու» երեսպաշտական-եսապաշտական բարբաջանքները դարձնելով «յաղթական» կործանման «մարգարէութիւններ»։ «Փրկութիւն՝ կործանման միջոցով»,– ահա այս է դաջուած այժմ Արեւմտեան Աշխարհի ճակատին։ Դա յուշում է, որ «Արեւմուտք», «Եւրոպական Միութիւն», «Արեւմտեան քաղաքակրթութիւն»՝ այդ ամենը մինչեւ այս հարիւրամեակի վերջը կամ գուցէ շատ աւելի շուտ հետզհետէ խամրելով ու աղօտանալով՝ անցնելու է պատմութեան գիրկը՝ անհրաժեշտաբար եւ անվերադարձ՝ հակառակ այն բանի, որ արեւմտեան մարդու մտքի ծայրով իսկ չի անցնում, թէ ինքն ապագայում կորցնելու է իր կայսրական գերակայ դիրքն աշխարհում եւ յայտնուելու է այն նոյն իրավիճակում, ինչ էր «խաւար Միջնադարում»՝ Լուսաւորութիւնից առաջ, ճիշտ այնպէս, ինչպէս «հաւերժական Հռոմը» չէր կարող պատկերացնել, որ գալու էր մի ժամանակ, երբ ինքը վերածուելու էր մի գաւառական գիւղաքաղաքի եւ կամ նոյնքա՛ն «հաւերժական» Խորհրդային կայսրութիւնը՝ տնտեսական ու քաղաքական մի անդամալոյծ «կաւէ հսկայի»․ եւ յաւարտս օդում դարձեա՛լ կախուելու էր նարեկացիական անպատասխան տարակուսանքը․ «Ինչպէ՞ս կործանուեց կառուցեալը․․․» (Բան, ԽԸ, գ)։
Ահա ա՛յս է մարդկութեան պատմութեան ելեւէջի գոյաբանական պատկերը։ Դա յիշեցնում է ծղօտի խրձից պոկուած եւ ջրափոսի մէջ ընկած մի անկանոն փունջ, որն օրօրւում է ջրի հետ բախումից առաջացած ալիքներին եւ երբեք հանգիստ չի առնում, եթէ նոյնիսկ որոշ ժամանակ թւում է անշարժ՝ պէծին տալով արեւի շողերի տակ։ Մինչդեռ այդ ընթացքում ցօղունները հետզհետէ ներծծուելով ջրով՝ դանդաղ սուզւում են յատակը, եւ յանկարծ փունջը քարի անկենդան ծանրութեամբ խորտակւում ու իսպառ անհետանում է տեսադաշտից։ Ջրի երեսին մնում է միայն այստեղ-այնտեղ ոսկուն տուող ծուէնների մի ցաքուցրիւ «աստղաբոյլ»․․․
Է
Վերը շարադրուածից հեշտ է հասկանալ, որ Գոյակարգի Մասի եւ Ամբողջի Անշրջելիութեան սկզբունքը Իրականութեան ռացիոնալ ընկալման աղբիւրն է, որն ուղեկցում է մասին՝ ինքնահաստատման ամբողջ ճանապարհին։ Երբ մասը դառնում է ինքնիշխան, նրա մէջ ամբողջին տիրանալու Ձգտումը հետզհետէ սկսում է ձեռք բերել գոյաբանական գերակշռութիւն, եւ ծայր է առնում հակադարձման, այսինքն՝ Գլոբալիզացիայի գործընթացը։ Իրականութեան ռացիոնալ ընկալումը, բնականաբար, տեղի է տալիս Իրականութեան իռացիոնալ ընկալման առջեւ, որը որեւէ մասի՝ երկրի, ազգի, պետութեան, անհատի, կրօնի ու գիտութեան անկման կամ կործանման անխախտ ցուցիչն է, պարտադիր պայմանը։ Ասուածի ապացոյցն է համընդհանուր անկման այն իռացիոնալ իրադրութիւնը, որ այժմ, ի մասնաւորի, համակել է Արեւմտեան «սառը», «սթափ», «գործնական», «պետականութեան դարաւոր աւանդոյթներով հարուստ» աշխարհին եւ որի համամասնօրէն փոքրիկ պատկերն է Հայոց պարագան։
Երբ դիտարկում ենք Հայաստանի Երրորդ Հանրապետութեան պատմութիւնը, տեսնում ենք, որ այն վերոյիշեալ օրինաչափութիւնների ճշգրիտ արտացոլանքն է՝ երկրի հիմնադրումից ի վեր։ Այդ պատմութիւնը բնականօրէն բաժանւում է երկու գոյակարգային փուլերի․ Հայոց Համազգային Շարժումից մինչեւ Հիմնադիր Նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի պարտադրուած հրաժականը եւ դրանից յետոյ մինչեւ այսօր, հէնց այս պահը, երբ գրւում են այս տողերը։ Առաջին փուլում անհրաժեշտաբար գերակշռում է Իրականութեան ռացիոնալ ընկալումը, երկրորդում՝ իռացիոնալ։ Հայոց ազգային-ազատագրական շարժումը, Հայաստանի Անկախ պետականութեան հաստատումը, Արցախեան Առաջին պատերազմում տարած յաղթանակը կազմում են Հայոց գոյաբանական Ինքնահաստատման երեք կարեւորագոյն հանգրուանները, երբ Հայաստանը՝ իբրեւ մաս, ինքն իր հետ հասնելով գոյաբանական նոյնականութեան՝ դարձաւ ինքնիշխան՝ համաձայն Մասի եւ Ամբողջի Անշրջելիութեան սկզբունքի։ Դա էր պատճառը, որ այդ փուլում Հայոց կեանքի բոլոր ասպարէզներում իշխում էր իրատեսական քաղաքականութիւնը՝ միտուած Հայաստանի անկախ պետականութեան կառուցմանը՝ իր կարեւոր հիմնասիւներով՝ Անկախութեան Հռչակագիր, Անկախութեան Հանրաքուէ, Հիմնադիր Նախագահ, Սահմանադրութիւն եւ այդ ամենը՝ պսակուած Յաղթանակի գմբէթով։ Դա վկայութիւնն էր այն բանի, որ Իրականութեան ռացիոնալ ընկալումը մասի ինքնահաստատման գործընթացում թափանցում է Գոյութեան բոլոր շերտերն ու մակարդակները՝ միաւորելով դրանք մէկ-միասնական վերասլաց ուղղութեան մէջ, ինչպէս դա վառ կերպով ցոյց տուեց Հայոց Համազգային Շարժումը, երբ ե՛ւ անհատական, ե՛ւ հանրային մակարդակում դուրս ժայթքեց բարոյական կամքի մի անկասելի յորձանք՝ ասպարէզը, ասես ոչնչից, ողողելով լուսաւոր մարդկանց լուսաւոր զանգուածներով՝ լցուած մարդկային առաքինութիւնների՝ ազնւութեան, անկեղծութեան, նուիրումի, ինքնուրացութեան ու անձնազոհութեան նպատակասլաց դրսեւորումներով՝ առ Ազատութիւն, Անկախութիւն, առ Ինքնութիւն եւ Յաղթանակ։ Ասուածը հակադարձօրէն հաստատւում է նաեւ այն բանով, որ յետագայում մարդկային այդ բոլոր առաքինի յատկութիւնները Հայաստանի Հանրապետութեան զարգացման երկրորդ՝ անկման փուլում գնալով այնքան աղօտացան ու նուազեցին, որ գրեթէ իսպառ անհետացան տեսադաշտից, երբ Իրականութեան իռացիոնալ ընկալումը յաղթարշաւեց Հայոց գոյութեան բոլոր ասպարէզներում։
Հայաստանի Ինքնիշխանութեան լիարժէք հաստատումը եղաւ այն դարձակէտը, որին, բնականաբար, հետեւեց հակադարձման գործընթացը՝ ըստ ամբողջին տիրանալու մասի Ձգտման օրէնքի։ Այդ Ձգտումն արտայայտուեց այն բանում, որ մարտավարական միջոցը՝ Անվտանգութեան գօտին, նենգափոխուեց ռազմավարական նպատակի՝ Մեծ Արցախ ստեղծելու ցնորական ցանկութեան, յետագայում նաեւ պատեհ առիթով մինչեւ Քուռ-Արաքս ընդարձակուելու եւ նոյնիսկ Բաքուն գրաւելու ախտաբանական գայթակղութեան, ինչը մասի Գլոբալիզացիայի դասական օրինակ է։ Այդ հակադարձումը բառացիօրէն դրսեւորուեց հակապետական յեղաշրջմամբ, որը նշագծեց Իրականութեան իռացիոնալ ընկալման յաղթանակը Իրականութեան ռացիոնալ ընկալման նկատմամբ։ Իբրեւ դրա առարկայական հետեւանք, Պետութեան Հիմնադիր Նախագահին պարտադրուեց անխուսափելի հրաժարական, որով Հայ Պետականութիւնը պատմականօրէն ստիպուած եղաւ հրաժարուելու իր գոյաբանական ինքնութիւնից՝ Հայաստանի ու Արցախի իրական միութիւնից, եւ բռնեց անկման ճանապարհը։ Պատահական չէ, որ Իրականութեան իռացիոնալ ընկալումը արտայայտուեց քաղաքական մտքի կրօնականացմամբ՝ «հայդատականութեամբ», «ոչմիթիզականութեամբ», «նժդեհականութեամբ», «վերաքրիսոնէացմամբ» եւ այլն, ճիշտ այնպիսի երեւոյթներով, որոնց «միջազգային համարժէքներով» այժմ հեղեղուած է նաեւ ամբողջ Արեւմուտքը։ Անհատական մակարդակում դա ինքնաբերաբար նշանակում էր սեփական եսի ու դերի ուռճացում, եսամտութեան գերակայութիւն եւ իշխանութեան, փառքի ու հարստութեան ծարաւը յագեցնելու մոլեռանդ վճռականութիւն։ Որ ի դէմս այդ հակադարձման, մենք գործ ունենք գոյաբանական օրինաչափութեան հետ եւ ոչ թէ մարդկային ենթակայական քմահաճոյքի կամ անձեղէն մոլորութեան, ցոյց է տալիս այն հանգամանքը, որ այդ հակապետական դաւադիր յեղաշրջման պարագլուխները հէնց այն նոյն մարդիկ էին, որ մինչ այդ իրատեսական քաղաքականութեան ջատագովներ էին ու Հիմնադիր Նախագահի մերձաւոր զինակիցները (Վ․ Սարգսեան, Ռ․ Քոչարեան, Ս․ Սարգսեան եւ այլք)։ Իրականութեան իռացիոնալ ընկալման հետեւանքով նրանք հակադարձուեցին իրենց իսկ հակոտնեային․ քաղաքական ցանկամտութիւնը «փառապանծ» հերոսին դարձրեց տէրուրաց դաւաճան, հաւատարիմ վստահորդին՝ դաւադիր ահաբեկիչ, սթափ գործընկերոջը՝ նենգ դրուժան եւ այլն, եւ այլն։ Այդ շրջադարձի գոյաբանական բնոյթը, սակայն, յուշում է, որ չպէտք է կասկածի ենթարկել այդ մարդկանց՝ Հայոց Պետականութեան կայացման գործընթացին մինչ այդ ցուցաբերած մասնակցութեան անկեղծութիւնն ու նուիրումի հաւաստիութիւնը, ճիշտ այնպէս, ինչպէս անհնար է նուազեցնել նրանց արմատական դերակատարութիւնը նոյն այդ Պետականութեան անկման ու քայքայման մէջ։
Ի դէմս Հայաստանի ներկայ իշխանութեան եւ յանձին դրա պարագլուխ Ն․ Փաշինեանի, Իրականութեան իռացիոնալ ընկալման գործընթացը հասաւ իր գագաթնակէտին՝ իր ողբերգական հետեւանքներով՝ ջախջախիչ պարտութիւն Արցախեան Երկրորդ պատերազմում, Արցախի անմնացորդ կորուստ, Հայաստանի Անկախ պետականութեան կործանման օրեցօր խորացող վտանգ եւ Ինքնիշխանութեան գետնատարած նուազում։ Պատկերաւոր ասած, այդ վարչախմբի եւ իր վերոյիշեալ պարագլխի իշխանութիւնը, իսկապէս, նման է մի սեւ, մահացու ուռուցքի, որ պատել է Հայոց Աշխարհը, եւ կան դրանից ազատուելու միայն երկու բնական ելքեր․ կա՛մ այդ ուռուցքն այնքա՛ն է ուռճանում, որ պայթելով՝ հիմնովին ոչնչացնում է Հայոց Պետականութիւնը՝ դնելով, ընդհանրապէս, Հայ մարդատեսակի վերջնական անհետացման սկիզբը, կա՛մ այնքանով, որքանով Հայոց մէջ դեռ կենդանի է մնում քաղաքական գոյակամքը, այդքանով այդ պայթիւնը կարող է հակադարձուել Ինքնիշխանութեան վերածնութեան մի նոր գործընթացի, որի պարագային ամբողջին տիրանալու մասի Ձգտման օրէնքն իր տեղը զիջելու է Մասի եւ Ամբողջի Անշրջելիութեան սկզբունքին։ Դրա շնորհիւ գործընթացները, ճիշտ ինչպէս երբեմն գետերը աղէտալի երկրաշարժից յետոյ, կարող են շրջուել հակառակ ուղղութեամբ՝ բացասականից դէպի դրական։ Որ աւելի հաւանական է այս երկրորդ տարբերակը՝ յուշում է մի ձեւաբանական (մորֆոլօգիական) իրողութիւն, որ մտնում է իրերի բնութեան մէջ եւ նշուած օրինաչափութեան դրսեւորումներից է․ դա այն է, որ երբ Գլոբալիզացիայի, այսինքն՝ անկման գործընթացը հասնում է իր վերջին կամ մօտենում է դրան, ապա այն անհրաժեշտաբար սկսում է քայլ առ քայլ կրկնել կամ աւելի ճիշտ, կապկել մասի գոյակարգային նոյնականութեան, այսինքն՝ ինքիշխանութեան հասնելու գործընթացը՝ պահպանելով ձեւը, սակայն իսպառ ոչնչացնելով բովանդակութիւնը (այս երեւոյթն այժմ լայնօրէն տարածուած է նաեւ ազատական Արեւմուտքում)։ Դրանով նա երեւութաբանական (ֆէնոմենոլօգիական) իմաստով փորձում է փրկել ինքն իրեն կործանումից՝ իրականում, ինչպէս ասուեց, ոչնչացնելով ինքն իրեն։ Ահա թէ ինչու գլոբալիզացուած մասի համար՝ պայքարել՝ իրականում նշանակում է յանձնուել, կառուցել՝ նշանակում է քանդել, յաղթել՝ նշանակում է պարտուել, անկախութիւն՝ նշանակում է կախեալութիւն, ազատութիւն՝ նշանակում է ստրկութիւն եւ այսպէս շարունակ։ Դժուար չէ նկատել, որ այդ օրինաչափութիւնն ակադեմիական ճշգրտութեամբ արտացոլւում է վերը նշուած անձի եւ իր իշխանութեան կրողների համադիր ու դիմադիր գործունէութեան մէջ։ Դրա գոյաբանական պատճառն այն է, որ Փոփոխութեան կամ Իրականութեան անընդհատութիւնն ապահովում է անցումը ձեւից դէպի բովանդակութիւն ոչ այլ կերպ, քան հակադարձումներով։ Դա ճշգրտօրէն համապատասխանում է ամբողջին տիրելու մասին Ձգտման օրէնքի հակադարձմանը Մասի եւ Ամբողջի Անշրջելիութեան սկզբունքին եւ նման է այն բանին, երբ, ասենք, անդնդի յատակի ամենաստորին կէտը միշտ անտարբերելի համընկնում է նաեւ անդնդից դուրս գալու առաջին քայլին՝ իբրեւ վերելքի անհրաժեշտ պայման։
Այս իմաստով անհնար է չանդրադառնալ Գոյակարգի միւս սկզբունքի՝ Երկուութեան կամ Բեւեռայնութեան օրէնքի մասնակցութեանը դրական հակադարձման այդ գործընթացին՝ ելնելով երկու հակոտնեայ մասերի՝ տուեալ դէպքում Հայաստանի եւ Ադրբեջանի, փոխյարաբերութեան բնոյթից՝ նկատի առնելով յաղթանակի եւ պարտութեան գոյաբանական փոխադարձ կախումը։ Դա արտայայտւում է այն բանով, որ Ադրբեջանը Արցախեան Երկրորդ պատերազմում տարած յաղթանակից յետոյ անհրաժեշտաբար ընթանում է Գլոբալիզացիայի ճիշտ այն ճանապարհով, ինչ Առաջին պատերազմից եւ Առաջին Նախագահի հրաժարականից յետոյ իր հակառակորդ Հայաստանը։ «Արեւմտեան Ադրբեջան», «Զանգեզուրի միջանցք», «300000 փախստականների վերադարձ ու ինքնավարութիւն» եւ միւս վերջնագրային խօսոյթները՝ թէեւ ներկայանում են պաշտօնական քաղաքականութեան հանդերձանքով, սակայն գոյաբանօրէն համարժէք են ժամանակին Հայոց քաղաքական եւ հանրային շրջանակներում լայնօրէն տարածուած՝ «Քուռ-Արաքսեան հանրապետութիւն», «Ադրբեջանի մասնատում», «թեյախմութիւն Բաքւում», «Ադրբեջանը՝ արհեստածին պետութիւն», «ամբողջ Արդբեջանը զաւթուած հայկական հող է», «Ադրբեջանի վերացումը՝ պատմական արդարութեան վերականգնում» եւ այլ համանման խօսոյթներին։ Այդ նոյնութիւնը վկայութիւնն է այն բանի, որ Հայոց ախոյեանը՝ Ադրբեջանը, նոյնպէս ուղիղ գծով ընթանում է դէպի անկում՝ Հայոց «կերպարով ու նմանութեամբ», բայց «հակառակ նշանով», ճիշտ ինչպէս հայելային անդրադարձման մէջ։ Դա յուշում է, որ ի տես այդ ադրբեջանական սպառնալիքների, ոչ թէ պէտք է զայրանալ ու զարկուել պատէպատ կամ հնազանդօրէն լռել ու կուչ գալ սարսափից, այլ դիմադրութեան պատրաստ՝ անցուցադիր հանգստութեամբ ուշադիր հետեւել գործընթացներին, քանզի ադրբեջանցիների այդ բոլոր պահանջներն ընդամենը գլոբալիստական ցնորքներ են եւ երբեք չեն կարող իրականանալ, ինչպէս չէին կարող իրականանալ եւ չիրականացան Հայերի նոյնանման գլոբալիստական ցնորքները, եթէ նոյնիսկ Հայերը Արցախում դրանց հաղորդել էին պետական-սահմանադրական հանգամանք։ Մասի եւ Ամբողջի Անշրջելիութեան օրէնքը գործում է անխափան ու անկողմնակալ։ Հազար ափսոս միայն, որ Հայաստանը՝ իբրեւ մաս, կրեց գոյաբանական պարտութիւն։ Եւ Արցախը կործանուեց․․․
Ը
Այնուամենայնիւ, հարց է ծագում, թէ արդեօք հնարաւոր չէ՞ ինչ-որ կերպ փրկուել Մասի եւ Ամբողջի Անշրջելիութեան սկզբունքի եւ ամբողջին տիրանալու մասի Ձգտման օրէնքի «գերութիւնից»։ Ո՛չ, հնարաւոր չէ, որովհետեւ այդ դէպքում պէտք է կանգ առնէր Շարժումը, եւ քարանար Փոփոխութիւնը, ինչը, հասկանալի է, անհնարին է, քանզի Իրականութիւնը չունի եւ չի կարող ունենալ այլընտրանք։ Սակայն բնականօրէն գոյութիւն ունի որոշ վերապահում՝ պայմանաւորուած բուն մարդկային ենթակայական-անհատական գիտակցութեան հանգամանքով, որն ընդունակ է «ձգելու» ինչպէս մասի ինքնահաստատման, այնպէս էլ նրա կործանման ժամանակը։ Դա կարող է տեղի ունենալ միայն մէկ դէպքում, եթէ առաջնորդ անհատը տիրապետում է մասի գոյատեւման կամքին, այլ կերպ՝ օժտուած է բացարձակ իշխանութեամբ, ինչը բնորոշ էր անցեալի ժառանգական իշխանակարգերին, իսկ ներկայիս զանգուածային եւ փոփոխական իշխանական համակարգերին՝ ոչ։ Հայոց տեսանելի պատմութեան մէջ յայտնի են միայն երկու մեծահանճար հայորդիներ, որոնք գիտակցելով այդ օրէնքների գործողութեան սկզբունքները, փորձել են «ազդել» դրանց վրայ․ Տիգրան Մեծ եւ Լեւոն Տէր-Պետրոսեան։ Ամբողջին տիրանալու մասի Ձգտման ալիքի վրայ գոյացած Հայկական Կայսրութեան Արքայից Արքայ Տիգրան Մեծը, ըմբռնելով, որ ինքը, ի դէմս Հռոմէական Կայսրութեան, հանդիպել է Մասի եւ Ամբողջի Անշրջելիութեան «ցամաքին», ինքնակամ յետ դարձաւ՝ փոխզիջումների ճանապարհով կանխելով Հայաստանի՝ իբրեւ մասի, Ինքնիշխանութեան կորուստը՝ երկարաժամկէտ պահպանելով Մեծ Հայքի Անկախութիւնն ու Ազատութիւնը։ Իրականութեան իռացիոնալ ընկալման ահագնացող եւ անդիմադրելի ճնշման տակ Լեւոն Տէր-Պետրոսեանը հրաժարուեց իշխանութիւնից, քանի որ անսխալ գիտէր, որ սկիզբ առած Գլոբալիզացիան – երբ մասը նկրտում է տիրանալ իրենից դուրս այլ մասերի՝ ըստ ամբողջին տիրանալու մասի Ձգտման օրէնքի – յանգեցնելու էր անխուսափելի հակադարձման՝ աղէտի ու կործանման, ինչից նա անվերջ ու շարունակ զգուշացնում էր ամբողջ կեանքում՝ թէ՛ իր խօսքով, թէ՛ գործով։ Իր հրաժարականով Լեւոն Տէր-Պետրոսեանը պահպանեց Հայոց քաղաքական գոյակամքի ոսկեհեղուկ սափորը, որը դրուագուած էր Հայ Ազգի յաւիտենական օրէնքի ուժ ստացած Անկախութեան Հանրաքուէով՝ իբրեւ Հայոց Ինքնիշխանութեան գոյաբանական անբեկանելի իրաւունք, իբրեւ մի անթեղուած անմարելի կայծ, որ պատեհ պահին Գոյակարգի ուժով բոցավառուելու էր «մինչեւ երկինք»։ Ահա ա՛յս է Հայաստանի Հանրապետութեան Հիմնադիր Նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի անժամանցելի սխրանքը։
Ուստի, գոյութիւն ունեն ներկայ ճգնաժամային իրավիճակի հանգուցալուծման երկու բնական ճանապարհներ՝ գիտակցուած եւ չգիտակցուած։ Գիտակցուած ճանապարհն այն է, որ Հայաստանի քաղաքական ուժերը՝ հիմնուելով Հիմնադիր Նախագահ Լեւոն Տէր-Պոտրոսեանի պետական եւ քաղաքական ժառանգութեան վրայ եւ համոզուած ընդունելով, որ Հայոց Պետականութեան զարգացման ընթացքը բռնի ընդհատուել է Առաջին Նախագահի պարտադրուած հրաժարականի հետեւանքով, յայտարարում են Հայաստանի Երրորդ Հանրապետութեան Ինքնիշխանութեան վերականգնման գործընթացի սկիզբը եւ ձեռնամուխ լինում դրան։ Դա է Հայոց Պետականութեան փրկութեան ամենակարճ եւ ամենաարդիւնաւէտ ուղին։
Երկրորդ՝ չգիտակցուած ճանապարհն այն է, ինչ արդէն տեղի ունի եւ խարխափումներով, սայթաքումներով, սխալուելով ու շտկուելով՝ ձգուելու է այնքան ժամանակ, մինչեւ ինչ-որ պահի կամայ թէ ակամայ կվերականգնուի Հայաստանի Ինքնիշխանութիւնը՝ անորոշութեան, վտանգների կամ գուցէ նոր կորուստների գնով՝ իբրեւ գործընթացի չգիտակցուած չլինելու հետեւանք։
Նշուած երկու դէպքում էլ գործում է Մասի եւ Ամբողջի Անշրջելիութեան նոյն հիմնարար օրէնքը, որի հիմքում ընկած է Գոյակարգը՝ իբրեւ Գոյութեան եւ Գիտակցութեան օրէնքների համապարփակ միասնութեան գերագոյն սկզբունք։
Ո՞րն է այդ սկզբունքի էութիւնը։
Վերը յիշատակուած հնդիկ մեծ իմաստունի՝ Ռամանա Մահարշու մահից կարճ ժամանակ առաջ նրան է այցելում մի կին՝ ցիրցան մազերով, անասելի տառապած դէմքով, վշտից գրեթէ խելակորոյս։ Նա նետւում է Ուսուցչի ոտքերի տակ՝ ասելով, որ ինքը չորս զաւակ է կորցրել եւ աղաչում-պաղատում է նրան փրկել իրեն անտանելի վշտից, որից ինքը ոչ մի կերպ չի կարողանում ազատուել։ Մահարշին անխօս լսում է նրան՝ չխախտելով Լռութեան ուխտը, ապա վերցնելով մի կտոր թուղթ՝ գրում է ի պատասխան․
«Մոռացիր քո եսը, եւ վիշտը կչքանայ»։
25․07․2025թ․
© Սեւակ Արամազդ
Այլ յօդուածներ
Արդի ռուս գրականութեան դասական, հայ բանաստեղծութեան թարգմանիչ, մեր ժողովրդի անկեղծ բարեկամ Յուննա Մօրիցի ստեղծագործութիւնը, հակառակ իր միջազգային ճանաչմանը, գրեթէ անծանօթ է հայ ընթերցող հանրութեանը, յատկապես, երիտասարդ սերնդին։ Այդ բացը փոքր-ինչ լրացնելու նպատակով ստորեւ ներկայացնում եմ իմ յամառոտ յօդուածը Յուննա Մօրիցի ստեղծագործութեան վերաբերեալ, նրա բանաստեղծութիւններից մի փունջ՝ իմ թարգմանութեամբ, ինչպէս նաեւ նոյնպիսի մի փունջ նրա գեղապատկերներից։
https://granish.org/yunona-moric-poezia/
ԱՒԵԼԻՆ










