Սեւակ Արամազդ․ ԿԵՆԴԱՆԻ ԹԱՂՈՒԱԾ․ ՀԱՅՈՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԱԽՃԱՆԸ
Անկախութեան Հռչակագրի 34-րդ տարեդարձի առթիւ
…Ի՛նքդ մարեցիր երդդ հայրենի․․․
Աւետիք Իսահակեան, «Աբու Լալա Մահարի»
Ամիսներ առաջ գերմանացի մի խմբագիր ինձ խնդրեց յօդուած գրել արցախեան խնդրի մասին՝ ակնարկելով, թէ «մի ամբողջ ժողովուրդ ենթարկուեց բռնի տեղահանութեան, սակայն աշխարհը դա կարծես չնկատելու տուեց»։ Ես մեծ դժկամութեամբ, ինչպէս ասում են, «ամօթի զօռով» համաձայնեցի, որովհետեւ սովորութիւն չունեմ իմ ցաւը հանդիսութեան ուղեգորգի պէս փռել օտարների առջեւ, որոնց ե՛ւ կարեկցանքը, ե՛ւ անտարբերութիւնը հաւասարապէս նուաստացուցիչ են ինձ համար՝ վաւերութեան կնիք դաջելով իմ անկամութեան ու անկարողութեան ամօթահար դէմքին։ Ի զարմանս ինձ, յօդուածի վերնագիրը ծնուեց ակնթարթօրէն՝ «Կենդանի թաղուած» („Lebendig begraben“), ինչը յուշում էր խօսքի ինչ-որ զարտուղի ընթացք ու տրամաբանութիւն։ Սակայն երբ պատրաստւում էի գրելու, յանկարծ հոգիս ճզմուեց մի անչափելի ծանր բարոյական ճնշումից, որն անհնար էր դարձնում որեւէ միտք, զգացմունք, խօսք ու դատողութիւն։ Ես սահմռկելի յստակութեամբ զգացի, որ հայ ժողովրդի հետ չի կատարուել ոչինչ, որ կարելի լինէր համարել անարդար․․․
Այդպէս ես դրժեցի իմ խոստումը։ Որպէս արդարացում՝ որոշեցի հաստատումների ձեւով այստեղ համառօտ անդրադառնալ այն ամէնին, ինչ կուզենայի ասել այդ կապակցութեամբ։
1․ Իշխանութեան առեղծուածը
Կեանքի ու բնութեան ամենախորհրդաւոր երեւոյթներից մէկը Իշխանութիւնն է, որով ներծծուած է ամէն-ամէն ինչ՝ նիւթը, շարժումը, կեանքը, մահը եւ գիտակցութիւնը։ Աշխարհում գոյութիւն չունի այնպիսի փոխյարաբերութիւն, որի պարագային ազդեցութեան կողմերը թաքուն, թէ բացայայտ չձգտէին գերակայութեան, ինչն էլ հէնց կազմում է Իշխանութեան էութիւնը։ Պատկերաւոր ասած, Իշխանութիւնը մի կշեռք է, որի նժարները երբեք դատարկ չեն լինում, ուստի, անվերջ գտնւում են տատանման մէջ, քանի որ աշխարհում նոյնակշիռ ոչինչ գոյութիւն չունի, եւ այդ սկզբնական անհամաչափութիւնն է շարժման մէջ դնում բնութիւնը եւ կենդանի պահում աշխարհը։ Իշխանութեան գաղտնիքն այն է, որ լինելով ամբողջովին պայքար՝ այն միաժամանակ ե՛ւ ստեղծարար է, ե՛ւ կործանիչ, ինչպէս մի տարրական մասնիկ, որը միաժամանակ պտտւում է հակառակ ուղղութիւններով՝ աջ եւ ձախ։ Իշխանութեան այդ երկակիութիւնն է, որ հնարաւոր է դարձնում գոյութիւնը։ Մարդկային միտքն ու բանականութիւնը երբեք, ո՛չ մի պարագայում, չեն կարող հասու լինել Իշխանութեան գաղտնիքին, որն անլուծելի է՝ իբրեւ գոյութեան միակ ճակատագիր։
Մարդկութեան պատմութեան շարժիչ ուժը նոյնպէս Իշխանութիւնն է, ինչը, չգիտես ինչու, մեծ մասամբ համերաշխօրէն անտեսւում է ինչպէս առօրեայ ընկալումներում, այնպէս էլ գիտութեան կողմից, թէեւ մարդն ամէն ակնթարթ ապրում է Իշխանութեան աներեւոյթ ձգողութեան դաշտում։ Մարդկութեան ամբողջ պատմութիւնը, ըստ էութեան, Իշխանութեան վերաձեւակերպումների պատմութիւն է․ որպէս գիտակից գոյակ՝ մարդը չգիտի, թէ ինչպէ՛ս վարուի այդ անփոփոխելի ու անըմբռնելի մեծութեան հետ, բացի այն անընդհատ վերաբաշխելուց՝ ինչպէս հանրութեան ներսում, այնպէս էլ աշխարհում՝ ազգերի ու պետութիւնների միջեւ։ Գոյութիւն, որ զերծ կլինէր Իշխանութիւնից, պատկերացնել հնարաւոր չէ, ինչպէս հնարաւոր չէ պատկերացնել ոչինչը։
Մարդկութեան պատմութեան մէջ Իշխանութեան եւ իր օրէնքների միակ քիչ թէ շատ ընդունելի նկարագրութիւնը տալիս է Բնաշրջութիւնը (էւօլիւցիա), որը թէեւ նոյնպէս ենթակայ է մտաւոր ճանաչողութեան պատճառահետեւանքային սահմանափակութեանը, սակայն ձգտում է առաւել ամբողջականութեամբ արտացոլելու բնութեան խորքում գործող օրինաչափութիւնները՝ առանց դրանց վրայ ազդելու որեւէ յաւակնութեան։ Գոյապայքար, ընտրութիւն, յարմարում, փոխզիջում, համագործակցութիւն, ինքնակազմակերպում, ժառանգականութիւն, ինքնավերածում, ինքնահաստատում, տիրապետում եւ այլն՝ ահա մի քանիսն այն գոյաբանական պայմաններից, որոնց շրջապատում ծագում եւ գործառւում է ցանկացած գոյակ, այդ թւում՝ մարդը։ Մարդկային հանրոյթները՝ առանց բացառութեան, եւս ենթարկւում են յիշեալ երեւոյթների վճռական ներգործութեանը՝ հանդէս բերելով ինքնակազմակերպման որոշակի աստիճանակարգութիւն, որի գագաթին կանգնած է Պետութիւնը։
2․ Պետութիւն եւ ինքնահաստատում
Պետութեան ծագումն ու զարգացումը բացառապէս տեղի է ունենում բնութեան օրէնքների համաձայն, եւ մարդու ենթակայական միջամտութիւնն այդ գործընթացին բացարձակապէս ոչ մի նշանակութիւն չունի, քանի որ որքան էլ վճռական լինի մարդու հանգամանքը, միեւնոյն է, այն ամէնը, ինչ անում կամ կարող է անել մարդը, դարձեալ անխուսափելիօրէն կատարւում է այդ նոյն օրէնքների գործողութեան շրջանակում։ Մարդը կարող է միայն այս կամ այն չափով գիտակցել այդ օրէնքները եւ օգտագործել դրանք, ինչպէս դա անում են բոլոր կենդանի գոյակները՝ մանրէից մինչեւ մարդանմաններ, սակայն նա երբեք չի կարող ուղղորդել այդ օրէնքները դէպի ցանկալի հուն, ինչպէս երբեք չի կարող, ասենք, հակադարձել ձգողութեան ուժը։
Իշխանութեան եւ իր օրէնքների երկակի բնոյթն առաւել վառ արտայայտւում է հէնց Պետութեան պարագային, որն իբրեւ որեւէ հանրոյթի ինքնապահպանման եւ ինքնապաշտպանութեան բարձրագոյն ձեւ՝ ըստ հանրային անհրաժեշտութեան, առատօրէն դրսեւորում է թէ՛ դրական եւ թէ բացասական յատկանիշներ։ Պետութիւնը գոյանում է միայն այն դէպքում, երբ առկայ են քանակական եւ որակական որոշակի նախադրեալներ՝ անհրաժեշտ նուազագոյն մարդկային զանգուած եւ որակական յատկանիշ՝ ինքնահաստատման միասնական կամք։ Դրանցից մէկնումէկի բացակայութեան պարագային երբեք չի կարող ստեղծուել Պետութիւն (օրինակ՝ թէեւ քրդերը քսան, թէ երեսուն միլիոն են, սակայն դեռեւս չեն տիրապետում ինքնահաստատման միասնական կամքի, ուստի, չունեն ինքնուրոյն Պետութիւն)։ Համաբանօրէն՝ ինչպէս չի կարող լոյս առաջանալ, եթէ չի փակւում դրական եւ բացասական լիցքերի շղթան՝ ստեղծելով էլէկտրամագնիսական միասնական դաշտ, այնպէս էլ անհնար է Պետականութեան համակարգի գոյացումը, եթէ տեղի չունի վերոնշեալ քանակական եւ որակական նախադրեալների մէկտեղում։
3․ Քաղաքական հանրոյթ եւ Պետութեան հիմնադիր անհատ
Այն ամէնը, ինչ վերաբերում է Պետութեան ներքին եւ արտաքին գործառոյթների ամբողջութեանը, բնորոշւում է «քաղաքականութիւն» եզրոյթով, ուստի, քաղաքական կարող է լինել միայն այն հանրոյթը, որ ունի Պետութիւն։ Մնացած բոլոր դէպքերում մենք գործ ունենք կրօնական, մշակութային եւ ցեղակցական համայնքների հետ, որոնք լինելով մարդկային ինքնակազմակերպման առաւել ցածր ձեւեր՝ երբեք չեն կարող ունենալ քաղաքական բնոյթ, քանի որ չեն կարող լինել համաշխարհային գոյապայքարի ինքնուրոյն մասնակից։ Ուստի, կրօնական, մշակութային եւ ազգային քաղաքականութիւն հասկացութիւնն իմաստ ունի միայն Պետութեան առնչութեամբ։ Ըստ այդմ, ասենք, Հայ Եկեղեցին երբեք չէր կարող եւ չի կարող լինել հայութեան քաղաքական առաջնորդը, քանի որ այդ կազմակերպութեան կրող հանրոյթն ընդամենը հայերի կրօնական համայնքն է։ Նոյնը եւ Ասորական Եկեղեցին՝ ասորի ժողովրդի վերաբերութեամբ եւ այլն։ Դրա պատճառն այն է, որ կրօնը եւ մշակոյթը սկզբունքօրէն չունեն եւ չեն կարող ունենալ բնաշրջական որեւէ արժէք կամ իմաստ (հակառակ դէպքում, ասենք, եգիպտական տիեզերական մշակոյթը կբացառէր եգիպտական պետութեան կործանումը կամ հնդկական մեծահանճար կրօնների խուռն բազմութիւնը անհնար կդարձնէր Հնդկաստանի գաղութացումը եւ կամ հայկական տաճարների ճարտարապետական ձեւերի անբիծ կատարելութիւնը կկանխէր Հայոց Ցեղասպանութիւնը եւ այլն)։
Հանրոյթի ինքնահաստատման միասնական կամքն անհրաժեշտաբար խտանում է հանրոյթի մի որեւէ անդամի (հազուագիւտ դէպքերում՝ անդամների խմբի) մէջ, որով այն ստանում է կենդանի մարմնաւորում, եւ ծնւում է Պետութիւնը։ Պատկերաւոր ասած՝ այդ կամքի հոսքը նախ վերընթաց կուտակւում է անհատի մէջ եւ ապա վարընթաց վերաբաշխւում դէպի «ծայրամասեր»՝ ընդգրկելով ամբողջ հանրոյթը, որն սկսում է գործել իբրեւ Պետականութեան համակարգ։ Այդպիսի անհատը կոչւում է Պետութեան հիմնադիր։ Այդ երեւոյթի հիմքում ընկած է ինքնավերածման բնաշրջական օրէնքը, երբ գործառուելով Իշխանութեան ուժի բեւեռացման եւ տարասփռման «ալգորիթմով»՝ համայն բնութիւնը հասնում է ինքն իր հետ նոյնականութեան, ինչը հնարաւոր է դարձնում գոյութեան յարատեւ շրջապտոյտը։ Ահա թէ ինչու գոյութիւն ունեցող ամէն ինչ ունի իր «կենտրոնը», «միջուկը», «սերմը», «ազդակը», «սկիզբը», «գլուխը» եւ այլն։
4․ Լեւոն Տէր-Պետրոսեանը՝ Հայոց Պետութեան հիմնադիր
Բնականաբար, այդ նոյն օրինաչափութիւնները մենք տեսնում ենք նաեւ հայ հանրոյթի պարագային, որի ինքնահաստատման միասնական կամքը նախ ստեղծեց Պետութեան իր նախաձեւը՝ անհատների մի խմբի տեսքով («Ղարաբաղ» կոմիտէ), ապա եւ այդ խմբի ներսից բնական ընտրութեան ճանապարհով երեւակեց Հայոց Պետականութեան հիմնադիր անհատին՝ Լեւոն Տէր-Պետրոսեանին, որն իբրեւ մարդ՝ «պատահականօրէն» օժտուած էր այն բոլոր յատկութիւններով, որ անհրաժեշտ էին այդ բնաշրջական առաջադրանքը հնարաւոր լրութեամբ իրագործելու համար։ Եւ Լեւոն Տէր-Պետրոսեանը փայլուն կատարեց իր այդ դերը՝ այնպէ՛ս եւ այնքա՛ն, որ կարելի է անվարան ասել, որ Հայոց Պետութեան ստեղծումը նրա «անհատական ստեղծագործութիւնն» է։ Նրա առաջնորդութեամբ հայ հանրոյթը յաջողութեամբ յաղթահարեց այն բոլոր աներեւակայելի խոչընդոտները (ռազմական, քաղաքական, տնտեսական, բարոյական եւ այլն), որ առկայ էին հայոց քաղաքական ներկայութիւնը համաշխարհային գոյապայքարում հաստատելու ճանապարհին։
Լեւոն Տէր-Պետրոսեանի բացառիկ իրատեսութեան, ազնւութեան, շրջահայեաց իմաստութեան, ճշմարտասիրութեան, խիզախութեան, մտքի ճշգրտութեան ու ճկունութեան եւ դիւանագիտական հանճարի շնորհիւ հայ հանրոյթը կարողացաւ վերանուաճել ու պաշտպանել իր կենսատարածքը եւ ինքնահաստատուել աշխարհում՝ իբրեւ քաղաքական գործօն։ Պատմութեան մէջ հազուագիւտ են այն պետականադիր անհատները, որ անաղարտ հայելու պէս հնարաւոր անխաթարութեամբ անդրադարձնում են Բնաշրջութեան օրէնքների ստեղծարար լոյսը, եւ Լեւոն Տէր-Պետրոսեանն այդ քչերից է։ Այդ իմաստով, նա ոչ թէ անձ է (իբրեւ անձ՝ նա այնպիսին է, ինչպիսին են բոլորը՝ իր առաւելութիւններով ու թերութիւններով), այլ, պատկերաւոր ասած, Պետականութեան սկզբունքի կենդանի մարմնաւորում։ Այստեղ է թաքնուած նաեւ Լեւոն Տէր-Պետրոսեանի «մարգարէական անսխալականութեան» գաղտնիքը։
5․ Պետականութեան անկում եւ քայքայում
Իբրեւ բնական երեւոյթ՝ Պետութիւնը, բնականաբար, նոյնպէս ենթարկւում է ծագման, զարգացման, անկման եւ կործանման օրէնքներին, ինչպէս ամեն ինչ։ Դրա պատճառը (ինչո՞ւ-ն) անքննելի է եւ թաղուած՝ անփարատելի անյայտութեան մէջ, ինչպէս այն հարցի պատասխանը, թէ ինչո՞ւ է ծնւում մարդը, ապրում եւ մեռնում։ Հակառակ դրան, կարելի է քիչ թէ շատ հասկանալի դարձնել, թէ ինչպէ՞ս է կատարւում այդ անկումը։
Առաջին բանը, որ այս առումով աչքի է զարկում, այն է, որ Պետութիւնը ծագում եւ զարգանում է հէնց այն նոյն բնապատմական օրինաչափութեամբ, որով այն անկում է ապրում, քայքայւում եւ վերանում։ Վճռական տարբերութիւնն այն է, որ Իշխանութիւնը, որն առաջին դէպքում հանդէս է գալիս իբրեւ ստեղծարար ուժ, երկրորդ դէպքում փոխում է իր ուղղութիւնը եւ բացայայտում իր կործանիչ բնոյթը։
Դա տեղի է ունենում այն դէպքում, երբ Պետութեան գիտակցութեան մէջ խզւում է ժառանգականութեան սկզբունքը, որը որեւէ Պետութեան գոյատեւման անկապտելի երաշխիքն է։ Մնալով առանց շարունակութեան՝ քաղաքական հանրոյթն անխուսափելիօրէն բռնում է կործանման ճանապարհը, ճիշտ ինչպէս մարդկային մի գերդաստան, մնալով առանց ժառանգորդի, ընթանում է դէպի իր վախճանը։
Դրա հետեւանքով հանրոյթի քաղաքական գիտակցութեան եւ ինքնահաստատման միասնական կամքի միջեւ առաջանում է մի աներեւոյթ գոյաբանական ճեղք, եւ ծայր է առնում երկուստեք քայքայումը։ Սկզբում դա տեղի է ունենում աննկատ, երբ թւում է, թէ ամեն ինչ ընթանում է իր բնական հունով, սակայն այդ ընթացքում ճեղքը սկսում է հետզհետէ լցուել ապաքաղաքական իմաստներով՝ առաւել ցածր «էներգիական վիճակների»՝ ազգային, մշակութային եւ կրօնական պատկերացումներով, որոնք փորձում են քօղարկել այդ խզումը՝ ստեղծելով Պետականութեան շարունակութեան պատրանք․ ընդ որում, որքան մեծանում է այդ ճեղքը, այնքան արագանում է Պետութեան անկումը, նոյնքան էլ հանրոյթի ընդհանուր գիտակցութեան մէջ գերակայ են դառնում ազգային, մշակութային եւ կրօնական նախապաշարումները՝ վերաճելով տարատեսակ իշխող «տեսլականների», գաղափարախօսութիւնների եւ, ի վերջոյ, ընդհանուր կենսազգացողութեան։ Եւ հանրոյթը սկսում է ապրել իր երեւակայական ինքնապատկերացումների կեղծ իրականութեան մէջ, մինչեւ ամբողջովին կորցնում է իր քաղաքական բնոյթը։ Մնալով առանց Պետութեան պաշտպանիչ զրահի՝ այն մատնւում է դանդաղ մահուան եւ ինչ-որ ժամանակ իսպառ վերանում աշխարհից (հայ ժողովրդի օրինակը այդ օրինաչափութեան լաւագոյն ապացոյցն է՝ կենսատարածքի եւ բնակչութեան համարեա 90 տոկոսի կորուստ)։
Այդպէս քաղաքական հանրոյթը հասնում է իր գոյութեան նուազագոյն կէտին, մինչեւ վրայ է հասնում վերջնական կործանումը։ Դա մօտաւորապէս նման է այն բանին, երբ մեռնող աստղը փքուելով վերածւում է կարմիր հսկայի՝ հարիւրապատիկ գերազանցելով իր բնական չափերը, մինչդեռ այդ ընթացքում սպառելով իր ջերմամիջուկեան վառելիքը՝ ցրիւ է գալիս եւ դառնում «մի բուռ մոխիր»․․․
6․ Լեւոն Տէր-Պետրոսեանի հրաժարականը՝ ճակատագրական դարձակէտ
Այն, ինչ ասուեց վերեւում, ճշգրտօրէն արտացոլում է Հայ Պետականութեան զարգացման ընթացքը, որն անդառնալիօրէն բեկուեց Հայոց Պետութեան Հիմնադիր Լեւոն Տէր-Պետրոսեանի պարտադրուած հրաժարականով։ Այդ հակապետական յեղաշրջման միակ պատճառը դաւադիրների ու խռովարարների՝ յաղթած երկրում իշխանութեանն ամէն գնով տիրանալու մոլուցքն էր՝ պաճուճուած, ինչպէս սովորաբար լինում է նման դէպքերում, «ազգային վեհ նպատակներով» ու «հիմնաւորուած»՝ կեղծ-քաղաքական դրդապատճառներով, որոնց միջոցով ոչնչացուեց Հայոց նորանկախ Պետութեան քաղաքական հիմքը՝ այն փոխարինելով կրօնամշակութային համայնքին բնորոշ ընկալումներով։
Այդպիսով աննորոգելի խզուեց Հայոց Պետութեան գիտակցութեան ժառանգականութեան բնական հնարաւորութիւնը, ինչի հետեւանքով Իշխանութիւնը կտրուեց Պետութեան գիտակցութիւնից եւ շուռ գալով՝ սկսեց խժռել հայ հանրոյթի քաղաքական կամքը։ Մնալով առանց Պետութեան գիտակցութեան՝ Իշխանութեան ուժն այլասերուեց մերկ հարկադրանքի ու բռնութեան։ Հիմնադիր Նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի բոլոր փորձերը, ջանքերը, խորհուրդները (մասնակցութիւնը իշխանութիւնը զաւթած Ռ․ Քոչարեանի երդմնակալութեանը, Հոկտեմբերի 27-ին արուած համախմբման կոչերը, 2007–2013 թ․թ․ համաժողովրդական հսկայ շարժումը, Երկրորդ պատերազմի ժամանակ եւ դրան յաջորդած առաջարկութիւններն ու նախաձեռնութիւնները եւ այլն), որոնք նպատակ ունէին կանխելու Պետութեան գիտակցութեան եւ Իշխանութեան վերջնական խզումը եւ գոնէ չնչին չափով վերականգնելու քաղաքական ժառանգորդութիւնը՝ որպէս Հայոց Պետականութիւնը փրկելու մի վերջին հնարաւորութիւն, ի դերեւ ելան հէնց Իշխանութեան ուժի կործանիչ բնոյթի պատճառով, այն պատճառով, որ Հայոց Պետութիւնն արդէն իսկ բռնուած էր անկասելի անկումով։
Ասուածի ապացոյցն է նաեւ այն, որ Լեւոն Տէր-Պետրոսեանից յետոյ Ռ․ Քոչարեանի, Ս․ Սարգսեանի եւ Ն․ Փաշինեանի գործունէութեան հիմքում անհրաժեշտաբար դրուեց բացասման սկզբունքը (կեղծիք, խաբէութիւն, դաւ, բռնութիւն, ուրացում եւ այլն), եւ նրանք չարեցին ոչի՛նչ, ո՛չ մի քաղաքական քայլ, որ միտուած կլինէր ոչ թէ սեփական եսակենտրոն իշխանութեան «պարսպապատմանը», այլ Հայոց Պետականութեան ամրապնդմանը։ Ընդհակառակը, նրանք անխնայ մսխեցին Հիմնադիր Նախագահի կուտակած քաղաքական կամքի ամբողջ պաշարը, որի շնորհիւ դեռեւս կանգուն էր մնում Հայոց Պետականութիւնը՝ փոխարէնը կուտակելով անձնական իշխանութեան գանձառատ դրամագլուխ՝ հայ հանրոյթին վերածելով տեսիլքներով սնուող ապաքաղաքական բնազդազուրկ հօտի։
Պետութեան գիտակցութեան այդ սահմռկեցուցիչ քայքայումն իր լրումին հասաւ Նիկօլ Փաշինեանի օրօք, որն արդէն «սպառազինուած» էր մարդկային այն բոլոր բացասական յատկութիւններով, որ անհրաժեշտ էին Հայոց Պետութեան կործանման գործընթացն աւարտին հասցնելու համար։ Այս իմաստով, նա Իշխանութեան ուժի կործանիչ բնոյթի անդաւաճան սպասաւորն է, քաղաքական կեղծիքի անմրցելի «հանճար»։ Դա է պատճառը, որ Հայոց Պետութեան անկման այս վերջին փուլում իրարայաջորդ այդ երեքը՝ Ռ․ Քոչարեանը, Ս․ Սարգսեանը եւ Ն․ Փաշինեանը, անհրաժեշտաբար մէկտեղուելով՝ միաւորեցին իրենց ամբողջ ապաքաղաքական ներուժը եւ կազմեցին մի իւրօրինակ «անսուրբ երրորդութիւն»՝ անձնիշխանութեան մի եռագլուխ հրէշ, որն անսանձ խրախճանում է՝ ընկած Հայոց Պետականութեան «արնաքամ դիակի վրայ»․․․
Ի տես այդ իրականութեան, հարկ է ցաւ ի սիրտ արձանագրել, որ Հայ հանրոյթը չկարողացաւ բռնել Բնաշրջութեան քննութիւնը․ նա ոչ միայն չկարողացաւ պահպանել եւ պաշտպանել Հայոց Պետութեան Հիմնադիր Լեւոն Տէր-Պետրոսեանից ժառանգութիւն ստացած իր կենսատարածքը, այլեւ գրեթէ յօժարակամ հրաժարուեց դրանից՝ սկիզբ դնելով Հայոց Պետականութեան վերջնական կործանմանը։
Գիտականօրէն ասած, «բնաշրջական ճնշման տակ» (Evolutionsdruck) կատարուած կենսատարածքի կորուստը գոյապայքարի թատերաբեմը լքելու ստոյգ ցուցիչ է։
7․ Սրբազան պայքար եւ չնչին յոյսեր
Յատկանշական է, որ հայ հանրոյթի ապաքաղաքականացման անընդհատ խորացող գործընթացը, որ կառավարւում է վերեւից՝ ներկայ վարչախմբի գործունէութեամբ, իր գրեթէ «պաշտօնական» հաստատումը ստացաւ նաեւ ներքեւից՝ Սրբազան Շարժման տեսքով։ Այդ հանգամանքը ցոյց է տալիս, որ հայ հանրոյթը վերադառնում է ինքնակազմակերպման իր մինչպետական վիճակին՝ ազգային-մշակութային-կրօնական հօտի ինքնընկալմանը, ինչպէս եղել է դարեր շարունակ։
Սկզբում, ընդհակառակը, թւում էր, թէ հայ հանրոյթն ինքնաբուխ ընդվզումով արտայայտում է իր վճռական ցանկութիւնը՝ դիմակայելու այն կործանարար իրավիճակին, որի մէջ յայտնուել է Հայոց Պետականութիւնը, եւ ուր որ է կպատռուի հոգեւոր-կրօնական քօղը, ու մենք ականատես կլինենք քաղաքական համընդհանուր զարթօնքի՝ թէկուզ հոգեւորականի գլխաւորութեամբ։ Սակայն գնալով պարզ դարձաւ, որ գործ ունենք հէնց կրօնահայրենասիրական մի շարժման հետ, որի նպատակը Ն․ Փաշինեանի՝ «Նեռի», «Սատանայի», գահազրկումն է եւ հայ կրօնական հօտի «ճշմարիտ դարձն առ աստուած»՝ իբրեւ հայոց բոլոր խնդիրների լուծման բանալի։ Թէպէտ արանքներում Շարժումն անընդհատ հոլովում է «պետութիւն», «իրաւունք», «քաղաքականութիւն» եւ նման հասկացութիւններ, սակայն այդպէս էլ ոչինչ չի ասւում ամենակարեւորի՝ Պետութեան Գիտակցութեան ժառանգականութիւնը վերականգնելու մասին։ Այն, ինչ պակասում է հայ հանրոյթին, ոչ թէ կրօնաբարոյական խրատներն են, հայրենասիրութիւնը կամ «Քրիստոսի հաւատքը», այլ ինքնահաստատման քաղաքական կամքը։
Պատահական չէ, որ զգալով իր իշխանութեանը սպառնացող հնարաւոր վտանգը՝ վերը նշուած Քոչարեան-Սարգսեան-Փաշինեան եռագլուխ հրէշն ամենատարբեր եղանակներով ու հնարներով անմիջապէս անցաւ «շրջանաձեւ պաշտպանութեան»՝ Շարժման արժեզրկման նպատակով ասպարէզը հեղեղելով իր դաշնակ-քոչարեանական-հանրապետական-բեւեռական «զօրաբանակի» բազում բանաւոր «նահատակներով» եւ գրաւոր «հերոսներով», որոնց հայեացքների նուաղուն փայլի մէջ եւ եռանդաշատ-ոգեւորուած շարժումներում անթաքոյց արտայայտւում է այն «երկնային խոստումը», թէ՝ վարձատրութիւնը մօտ է, իսկ եթէ, հակառակ բոլոր ջանքերին, այնուամենայնիւ, Շարժումը յանկարծ պսակուէր յաջողութեամբ, հոգ չէ, այդ դէպքում էլ իրենք կարող էին ինչ-որ «փայ» փախցնել նոր իշխանութեան օդ նետած փշրանքներից։
Եւ Շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը, որի «երկիրը փրկելու» հայրենասիրական մղումների անկեղծութեանը եւ մարդկային ազնւութեանը դժուար է չհաւատալ, սիրայօժար ընդունեց այդ «նուէրը»՝ ըստ երեւոյթին, Յիսուսի օրինակով համարելով, որ այդ «մեղաւորների», «մաքսաւորների», «ձկնորսների», «տասնապետների» բուռն մասնակցութիւնը չի կարող խաթարել իր «սուրբ գործը», ընդսմին անտեսելով այն որոշիչ հանգամանքը, որ Յիսուս Քրիստոսի առասպելական կերպարը, միւս բազում այլ փրկչական կերպարների նման, պաշտպանուած է արքետիպով (չարչարանք, մահ, յարութիւն եւ այլն), իսկ իր շուրջը վխտում են ամենաիրական «դեւեր», որոնք ունակ են ապականելու ամեն ինչ։ Չէ՞ որ դրանք հէնց այն նո՛յն ուժերն են, նո՛յն մարդիկ, որ միահամուռ արհամարհանքով մերժելով Հիմնադիր Նախագահի որդեգրած փոխզիջումային քաղաքականութեան բնական պահանջը, ներկայ իշխանութեան ձեռամբ Արցախը մատնեցին վերջնական կորստի՝ յարուցելով Հայոց Պետականութեան անկումը եւ վերահաս կործանումը։
8․ Վերջից դէպի սկիզբ
1987թ․ վերջին, դեկտեմբերեան մի արեւոտ օր, ես յուսահատ նստած էի երեւանեան այգիներից մէկի նստարանին։ Դէմդիմաց գտնւում էր Վահան Տէրեանի յուշարձանը, եւ ես ակամայ սկսեցի մտովի կռիւ տալ մեծ բանաստեղծի հետ՝ մեղադրելով նրան ազգային սնապարծութեան համար («Եգիպտական բուրգերը փոշի կդառնան․․․» եւ այլն)։ «Ահա Սֆինքսի հայեացքի ներքոյ փոշիանում է քո իսկ ազգը, Վահան Տէրեան,– մտածում էի ես,– ինչպէս փոշիացաւ այդ նոյն Սֆինքսն ու բուրգերը ստեղծող ազգը․․․»։ Յանկարծ որտեղից որտեղ յայտնուեց իմ հեգնամիտ բանաստեղծ ընկերը եւ առաջարկեց մասնակցել «Օպերայի հրապարակում տեղի ունեցող բնապահպանական ցոյցին»։ Ես ապշահար նայեցի նրան՝ կարծելով, թէ նա ծաղրում է ինձ, սակայն երբ նա գնաց, ես, այնուամենայնիւ, որոշ ժամանակ անորոշ նստած մնալուց յետոյ ինքնաբերաբար վեր կացայ եւ դիմեցի դէպի հրապարակ։ Հայ մարդն արթնացել էր․․․
Այն, ինչ դեռեւս չի հասել իր գոյութեան բացարձակ զրօյական կէտին, պահպանում է վերադարձի իր բնական հնարաւորութիւնը։ Դա վերաբերում է այն ամէնին, ինչ գոյութիւն ունի՝ այստեղ եւ այժմ։ Ինչպէս ապացուցում է գիտութիւնը, այդ վերադարձը որոշւում է մեր իսկ հայեացքով, այսինքն՝ գիտակցութեամբ։ Դա ո՛չ ազգային, ո՛չ մշակութային եւ ոչ էլ կրօնական գիտակցութիւն է, այլ մարդ կենդանատեսակին Բնաշրջութեամբ տրուած ամբողջական գիտակցութիւն։ Իրականութիւնը գոյանում է հէնց այն ակնթարթին, երբ մենք գիտակցում ենք դրա հնարաւորութիւնը։
Այդպէս հայ հանրոյթը որսաց իրերի դրութիւնը հիմնիվեր փոխելու հնարաւորութիւնը, եւ բացարձակապէս անկանխատեսելի՝ 88-ի Համազգային Յեղափոխութիւնը դարձաւ իրականութիւն։
Այդպէս Հայոց Համազգային Շարժումը որսաց Անկախութեան հնարաւորութիւնը, եւ Հայոց Պետութեան ստեղծումը դարձաւ իրականութիւն։
Այդպէս Հայոց Պետութեան հիմնադիր Լեւոն Տէր-Պետրոսեանը որսաց Արցախն ազատագրելու հնարաւորութիւնը, եւ Արցախի ազատագրումը դարձաւ իրականութիւն։
Նոյն կերպ Հիմնադիր Նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանը որսաց Միացեալ Հայաստանի ստեղծման հնարաւորութիւնը, որը, սակայն, չդարձաւ իրականութիւն՝ վերը նշուած ապաքաղաքական խաժամուժի՝ Վազգէն Սարգսեանի, Ռոբերտ Քոչարեանի, Սերժ Սարգսեանի եւ այլ իշխանառուշտ ուժերի բռնի միջամտութեան հետեւանքով։ Այնինչ իրերի բնական տրամաբանութեամբ՝ այդ հնարաւորութեան քաղաքական իմաստը պարզ էր հայելու պէս․ պարտուած հակառակորդին ես զիջում իր իսկ տարածքը եւ ձեռք բերելով նրա համաձայնութիւնը՝ դրանով վաւերութեան անդառնալի կնիք դնում քո յաղթանակի վրայ․․․
Այդպիսով հայ հանրոյթն իր իսկ ձեռքով ընդմիշտ գերեզմանե՛ց Միասնական հզօր Հայաստանի կառուցումը, որը ժամանակի ընթացքում կդառնար ամուր հիմք ու պայման՝ մեր միւս բոլոր խնդիրների լուծման համար եւս, երբ կյայտնուէր դրա բնական հնարաւորութիւնը (ճիշտ ինչպէս դա գործեց Արցախի պարագային)։ Անցեալի ապաքաղաքական ցնորքն աւելի ծանրակշիռ դուրս եկաւ, քան ապագայի քաղաքական իրականութիւնը։ Եւ Իշխանութեան ուժը փոխեց իր ուղղութիւնը։ Կորստեան մատնելով Արցախը եւ Հայաստանի քաղաքական ապագան՝ այդ ամբողջ խաժամուժը, փաստօրէն, դրանով իր համար ընդամենը ստեղծեց հայդատական մի նոր, թարմ, փարթամ արօտավայր եւ այժմ թառանչում-բառաչում-շառաչում-դոփդոփում է «Արցախը վերադարձնելու» եւ «թուրքից վրէժ լուծելու» մասին։ Դա այնքա՜ն անհեթեթ է ու կենդանօրէն անբարոյ, որ նոյնիսկ արժանի չէ մարդկային ծաղրանքի։ Եւ միաժամանակ՝ անյուսօրէն տխուր, քանի որ ցոյց է տալիս հայոց քաղաքական հոգեվարքը․․․
Սակայն եթէ մարդն է իր գիտակցութեամբ ստեղծում իրականութիւնը, ապա իրականութիւնն էլ իր հերթին ստեղծում է մարդուն։ Վաղնջական ժամանակներից մինչեւ օրս գոյութիւն չի ունեցել, չունի եւ չի կարող ունենալ ո՛չ մի Պետութիւն, որ համաձայն ժառանգականութեան օրէնքի՝ այս կամ այն կերպ չերկրպագէր իր սկիզբը եւ չմեծարէր իր հիմնադիր անհատին (ճիշտ ինչպէս ազգն՝ իր նահապետին, կրօնն՝ իր աստծուն, մշակոյթն՝ իր դեմիուրգին եւ այլն)՝ ի խնդիր Պետութեան կենսունակութեան ու յարատեւութեան (գերմանացիներն, օրինակ, նոյնիսկ ունեն թեւաւոր խօսք՝ «Ի սկզբանէ էր Ադենաուերը․․․»)։ Նոյնը եւ, համապատասխան տարբերութիւններով հանդերձ, վերաբերում է հանրոյթներով ապրող ամբողջ կենդանական աշխարհին, ուր հօտի, երամակի, ոհմակի, տարմի առաջնորդի հանդէպ ցուցաբերուող խոնարհումը կենսահաստատ նշանակութիւն ունի տուեալ կենդանատեսակի գոյատեւման համար։
Սակայն Հայոց Պետութեան Հիմնադիր Լեւոն Տէր-Պետրոսեանին բաժին հասաւ հակառակ ճակատագիրը՝ գրեթէ համընդհանուր մերժում եւ ատելութիւն։ Եւ որքան վճռորոշ ու անփոխարինելի է նրա վաստակը Արցախեան Շարժման, Հայաստանի Անկախութեան, Հայոց Բանակի ստեղծման, Արցախի ազատագրման, Հայաստանի պետականաշինութեան գործում, այնքան աւելի անվերապահ է այդ մերժումը եւ արմատական՝ ատելութիւնը։ Դա ցոյց է տալիս, որ հայ հանրոյթը հիմնիվեր վերածուել է ապաքաղաքական մի անկամ զանգուածի, որն արդէն ներքուստ հրաժարուել է Պետութիւն ունենալուց։ Ըստ ամենայնի, նրան լիովին բաւարարում է կրօնամշակութային ազգի դարերով փորձուած համայնքային գոյաձեւը։ Դա նշանակում է, որ հայ հանրոյթը՝ իբրեւ Պետութիւն, բնաշրջօրէն պարտուած է։
Հակառակ պարագային նա գոնէ բնազդով կըմբռնէր Հայոց Պետութեան հիմնադիր կերպարի նշանակութիւնը, այն իրողութիւնը, որ նրա նկատմամբ դրսեւորուող ճանաչումն ու գնահատանքը եւ, ամենակարեւորը, նրա գործի շարունակումը կենսականօրէն անհրաժեշտ են հէնց իրեն՝ հայ հանրոյթին եւ ո՛չ թէ Լեւոն Տէր-Պետրոսեան անունով մարդուն (Ճշմարտութեամբ ապրողի համար միեւնոյն է, թէ «հասարակութիւնն» իրեն ատո՞ւմ է, թէ՞ պաշտում․․․)։ Իսկ Պետութիւն, որ կարող էր գոյանալ օդում, գոյատեւել ինքն իրեն, հզօրանալ հէնց այնպէս՝ առանց ծագման ու կենսագրութեան, արդէն ստոյգ ախտաբանութիւն է ու զառանցանք․ դա նոյնն է, թէ կեանքի լոյսը վայելէր մի մարդ, որին ոչ ոք չի ծնել․․․
Մի կողմ թողնելով շեքսպիրեան-նարեկացիական չափեր ընդգրկող այն մարդկային ողբերգութիւնը, որ ապրում է Հիմնադիր Նախագահը՝ ի տես իր ստեղծած Պետութեան կործանման, հարկ է արձանագրել մէկընդմիշտ․ կեանքի օրէնքներն աւելի զօրեղ են, քան ցանկացած մարդկային հանրոյթ։ Դրանց դէմ գնալը կամ դրանք շրջանցելը նշանակում է պարզ ինքնաոչնչացում։ Հայոց Պետութեան Հիմնադիր Լեւոն Տէր-Պետրոսեանը պաշտպանուած է Բնաշրջութեան օրէնքներով։
Մարդ, որի ժառանգած խօսքն ու գործը լիուլի բաւարար են մի ամբողջ Պետութիւն վերստեղծելու համար․․․
23․08․2024թ․
Երեւան
©Սեւակ Արամազդ









