
Այժմ, երբ թւում է, թէ մեր ազգի նաւն իր շառաւիղից դուրս է եկել, մենք բոլորս տենդագին փնտրում ենք մի ելք՝ երազելով մի այնպիսի միասնական հզօր ուժ, որը կկարողանար այն բարձրացնել եւ կրկին դնել բաց ծովի մէջ։ Եւ ահա մի մասին այդպիսի ուժ է ներկայանում Ազատութիւնը, ուրիշներին՝ Անկախութիւնը, բայց քանի որ դրանք հնարաւոր չէ գործառել օդում, այլ երկուսն էլ պարտադրում են որոշակի իրադրական պատեհութիւններ, ասել է թէ՝ ունեն որոշակի կենսական իմաստ, որը, սակայն, աղօտանում ու գունաթափւում է ընդհանուր վտանգի դէմյանդիման, ուստի պառակտուած մասերը՝ զգալով վտանգի միասնական ճնշումը, միաւորւում եւ կառչում են մի այնպիսի բանից, որը կարելի կլինէր հակադրել իրական վիճակին՝ իբրեւ նոյնազօր-հակակշիռ ուժ։
Պարզ է, որ այդ ուժն իր բնոյթով պէտք է անխուսափելիօրէն լինէր անիրական, բայց եւ նոյնքան ընդհանրական ու համընդգրկուն, որքան իր հակոտնեան՝ իրական վիճակը։ Ի տարբերութիւն նախորդ երկուսի՝ Ազատութեան եւ Անկախութեան, այդ ուժը պէտք է լինէր մինչեւ վերջ վերացական՝ անմարմին մի բան, ասել է թէ՝ պարզապէս գաղափար։ Եւ ահա յանկարծ բոլորն անխտիր՝ ուղեւոր ու ղեկապետ, սկսում են միաժամանակ խօսել ինչ-որ «ազգային գաղափարախօսութիւն» ստեղծելու անհրաժեշտութեան մասին եւ, փրփուր ի բերան, սկսում «հիմնաւորել» այդ «փրկիչ» գաղափարը, որը ենթադրաբար հէնց այն մոգական ուժն է, որ ի զօրու կլինէր փրկելու մեր նաւը խութերից եւ առաջնորդելու բաց ծով։ Բնականաբար, այդ գաղափարով ամենից շատ տարւում է ղեկապետը՝ իր պատասխանատւութեան ծանրութեան համեմատ, ուստի եւ նա է ամենից շատ տրւում այդ մոգական ինքնախաբէութեանը, եւ նրա ոգեւորութիւնն այնքա՛ն է ոգեւորւում, որ նա արդէն երազում է․․․ ծովը նուաճելու մասին, իսկ այդ ամբողջ ընթացքում նաւը դանդաղօրէն, բայց հաստատուն կերպով սուզւում է յատակ՝ իր փրկութեան ելքը «որոնելու»․․․ իսպառ խորտակուելու մէջ։
Երկրորդենք․ բոլոր-բոլորը՝ հաւատաւորներն ու թերահաւատները, մոլեռանդներն ու ժխտամիտները, անտարբերներն ու հասունները, գիտուններն ու անգէտները, իմաստուն իշխանաւորներն ու անիմաստ ամբոխները, խօսում են «ազգային գաղափարախօսութեան»՝ որպէս թէ փրկիչ աստծոյ մասին։ Եւ սակայն նրանցից ոչ ոք, տառացիօրէն ոչ ոք չգիտի եւ չի կարող ասել, թէ ի՞նչ է, վերջապէս, այդ «ազգային գաղափարախօսութիւն» ասուածը, ճիշտ այնպէս, ինչպէս մինչեւ հիմա, չնայած մարդկային մտքի հսկայական առաջընթացին, այդպէս էլ ոչ մի մարդ չգիտի, թէ ի՞նչ է աստուած։ Այդ չիմացութեան պատճառը, սակայն, ոչ թէ այն է, որ այդ «ազգային գաղափարախօսութիւնն» ունի այնքան բարդ էութիւն, որ մարդիկ դժուարանում են ըմբռնել, այլ այն, որ նա կատարելապէս անըմբռնելի է, որովհետեւ պարզապէս գոյութիւն չունի։ Պատահական չէ, որ այն բնորոշելու բոլոր փորձերը սկսւում են մառախլապատ ու անտարբերելի դատողութիւններով եւ վերջանում պարզապէս այն բոլոր կենսական, ստոյգ, մերկ հիմնախնդիրների թուարկումով, որոնք լուծելու է լծուած․․․ նոյնինքն այդ «ազգային գաղափարախօսութիւնը»։ Ստեղծւում է իրավիճակի ընկալման մի ինքնաբաւ տեղապտոյտ, որն է՛լ աւելի է խորացնում ընդհանուր ճգնաժամը եւ մթագնելով մարդկանց միտքը՝ մղում նրանց անել յուսահատութեան։ Եւ ինչպէս կեանքում յաճախ է պատահում, որեւէ պարզ ու մեկին կենսական խնդիր վերածւում է գաղափարական անլուծելի թնջուկի, եւ «այլեւս ոչինչ չի մնում անելու, բացի ինքնասպանութիւնից»։
Ինչպէս կարելի է հեշտօրէն տեսնել, «ազգային գաղափարախօսութիւնը» ոչ միայն մի անհող մոլորութիւն է, տնանկ պատրանք, այլեւ մի չար նախապաշարում, որ ազգի հայեացքն ու ուշադրութիւնը կեանքի կռւում իրական խնդիրներից շեղում է դէպի անէական գաղափարների մշուշապատ ու անորոշ հեռաստանները, ուր այդ խնդիրները կորցնում են իրենց իրական չափերն ու յարաբերութիւնները՝ կրճատւում, երկարում, մեծանում, փոքրանում, ընդգծւում ու տարրալուծւում եւ խառնուելով իրար՝ ներկայանում իբրեւ հորիզոնում յայտնուած մի ամպ, որն ամեն վայրկեան փոփոխւում ու կերպարանափոխւում է եւ յարուցելով կեղծ, երեւակայական զուգորդումներ՝ ի վերջոյ, շաղում ազգի տեսողութիւնը։ Եւ նրանք, ովքեր իրենց համարում են «սթափ», «զգօն», «շրջահայեաց» տեսանողներ եւ յաւակնում ձեւակերպել ու ուղղորդել այդ գաղափարները՝ իբրեւ մի ամբողջական «ազգային գաղափարախօսութիւն», ինչպէս բոլոր այն դէպքերում, երբ մի մարդ տարւում է պատրանքով, վրիպում են ամենաէական կէտում՝ խնդրի ընտրութեան եւ այդ խնդրի ընկալման ամբողջականութեան մէջ՝ չնկատելով, որ իրենք խնդրի լուծման հիմք են սեպում միայն իրե՛նց պատկերացումը։
Եւ ահա ծայր են առնում անցածը յետ բերելու եւ անցողիկը հաւերժացնելու, իրականը մեռցնելու եւ անիրականը կենդանացնելու անխոհ ներշնչանքներ։ Հրապարակ են նետւում մի քանի «փորձարարական նմուշներ»․ ոմանք «ազգային գաղափարախօսութեան» ստեղծման հիմք են տեսնում հեթանոսութեան վերադարձի, միւսները՝ քրիստոնէական վարդապետութեան հայեցի վերաձեւման, երրորդները՝ պարզապէս ռազմաշունչ ցեղապաշտութեան մէջ եւ այլն, եւ այլն։ Նրանք հաշուի չեն առնում այն կարեւորագոյն հանգամանքը, որ իրենց այդ բոլոր պատկերացումներն ու ըմբռնումները չնչին-մասնակի-սահմանափակ բաներ են այն ամենի համեմատ, ինչով ապրել եւ ապրում է հայ ազգը։ Չեն ըմբռնում, որ ոչ ոք՝ ոչ մի մարդ եւ ոչ էլ մի խումբ «ընտրեալք», չեն կարող – մի կողմ թողնելով այդ յաւակնութեան մարդկային-բարոյական կողմը – ստեղծել մի այնպիսի աշխարհայեացք, որ ընդունելի կլինէր ամբողջ ազգի համար, եւ որ իրենց այդ բոլոր փորձերը դատապարտուած են իսպառ ձախողման՝ ընդամենը աւելացնելով ընդհանուր շփոթն ու շփոթուածութիւնը։
Այդ երեւոյթի պատճառները, իհարկէ, շատ աւելի խորն են, քան պարզ-մարդկային սնափառութիւնն է կամ անկեղծ ազգասիրական մղումները եւ առնչւում են ընդհանուր մարդկային քաղաքակրթութեան «գերարժէքութեան բարդոյթին»։
Ինչպէս ցանկացած մէկ այլ գիտական-քաղաքակրթական նախապաշարում, այնպէս էլ «ազգային գաղափարախօսութեան» նախապաշարումը փարատելու համար հարկաւոր է դիմել միակ բացարձակ ճշմարտութեանը՝ Կեանքին, որի առնչութեամբ է միայն կարելի պարզել ցանկացած պատկերացման ու գաղափարի իսկական կենսիմաստը, որի մէջ, որպէս միակ անխաբ, անխարդախ հայելում, ամենայն իրական բան արտացոլւում է իր համարժէք ստոյգ նկարագրով, իսկ ամենայն անիրական բանի, ցանկացած գաղափարական «որուականի» տեղն այդ հայելում միայն մաքուր ոչնչութիւն է, յստակ անգոյութիւն։
Եւ ահա այդ հայելու մէջ դիտելով մարդկութեան տեսանելի-ըմբռնելի պատմութիւնը՝ տեսնում ենք, որ ո՛չ մի ժամանակ եւ ո՛չ մի ազգ՝ կործանուած թէ ապրող, թօշնած թէ ծաղկող, չի ունեցել եւ չունի մի այնպիսի յատուկ «ազգային գաղափարախօսութիւն», ըստ որի շարժուելով՝ նա աշխարհում հասած լինէր ինչ-որ որոշակի, կայուն կեցութեան, այլ, ընդհակառակը, ե՛ւ անցեալում, ե՛ւ ներկայում՝ ամեն ժամանակ եւ ամենուր մենք միայն տեսնում ենք Կեանքի ստոյգ, աննենգ օրէնքների աներկբայ ու անխոտոր գործառութիւն եւ այդ օրէնքներին անխտիր բոլոր ազգերի անվերապահ ենթարկուածութիւն․ հզօրների գահավիժում եւ թոյլերի բարձրացում, խաղաղ գոյակցութիւն եւ թշնամական հակամարտութիւն, մշակութային արժէքների ստեղծում եւ ստեղծուածի բարբարոսական ոչնչացում, հաւատարիմ դաշնակցութիւններ եւ դաւանենգ պառակտումներ եւ այլն, եւ այլն։
Տեսնում ենք, որ ամեն ազգի դիրքը, տեղը, դերը գոյանում, ճշտւում, հաստատւում են ոչ թէ մէկընդմիշտ տրուած ինչ-որ անխախտ յարակայութեամբ, այլ միայն ժամանակի տուեալ հատուածում՝ մի որոշ ժամանակով ընդամենը, եւ ոչ միայն ըստ այն արդիւնքների, որոնք այս կամ այն ազգը ձեռք է բերում պայքարելով, այլեւ ըստ Կեանքի օրէնքների «ուժային գծերի» տուեալ դասաւորութեան, որը մէ՛կ կարող է մի ազգի անհուն տքնանքով ու տառապանքով վաստակած յաղթանակը հաւասարեցնել ոչնչի, մէ՛կ էլ կարող է մէկ ուրիշ ազգի մատի չնչին շարժումն իսկ հատուցել մեծամեծ նուաճումներով։ Եւ այդ փոթորկալի, յարափոփոխ, յախուռն ու անկասելի հոլովոյթում չկայ եւ չի կարող լինել որեւիցէ մի կայուն, անփոփոխ բան, որին ապաւինելով՝ մի ազգ կարողանար իր համար ստեղծել «տաքուկ մի անկիւն», ուր քաշուելով՝ նա զբաղուէր իր «ազգային գաղափարախօսութեան» մշակումով եւ ապրէր ինքն իր համար, մեկուսի, հեռու ամեն տեսակ թոհուբոհից ու աղմուկներից, քանզի իւրաքանչիւր ազգ, ինչպէս որ իւրաքանչիւր մարդ «ներքաշուած» է համաշխարհային գոյապայքարի մէջ, որից դուրս չկայ, գոյութիւն չունի մէկ այլ՝ երկրորդ կեցութիւն, ուր հնարին կլինէր ապաստանել։
Եւ այդ համընդհանուր գոյապայքարում միակ կայուն, յաւիտենական, անփոփոխ բանը, որ գոյութիւն ունի, նոյնինքն այդ պայքարն է, որի համար ոչ մի նշանակութիւն չունի, թէ ո՛վ է իր կրողը՝ հա՞յը, թէ՞ թուրքը, ռո՞ւսը, թէ՞ գերմանացին, շումերնե՞րը, թէ՞ ացտեկները եւ թէ ո՞վ է կործանւում եւ ո՞վ է ծաղկում, ո՞վ է տիրում, ո՞վ՝ ծառայում, ո՞վ է կախեալ, ո՞վ՝ ինքնիշխան, ո՞վ է ազատ, ո՞վ՝ ստրուկ, ո՞վ է ստեղծում եւ ո՞վ ոչնչացնում։
Պայքարի այդպիսի ընթացքի մէջ չկայ ոչինչ դաժան ու անբարոյական, այլ, ընդհակառակը, կայ մի արդար ու իմաստուն, համապարփակ խորհուրդ, քանզի իր կրողների հանդէպ պայքարի այդ համընդհանուր-հաւասար անտարբերութիւնն է միայն պայքարողին տալիս ինքնութեան հնարաւորութիւն, եւ պայքարողը եթէ ձգտում է գոյատեւել այդ պայքարում, ապա «ստիպուած» է լինում ներկայանալ ոչ թէ իբրեւ մի անդէմ «զինուորն» այդ պայքարի, այլ իբրեւ մարդկային որոշակի տեսակ՝ ազգային ինքնութիւն։ Այդ օրէնքի շնորհիւ է միայն, որ գոյաւորւում են ազգերը, գոյութիւն ունեն ազգերը եւ կարողանում են գոյատեւել՝ իբրեւ այդպիսին։
Պատահական չէ, որ այդ պայքարի այն մասնակիցները, որոնք անկախ պատճառներից՝ կորցնում են իրենց ինքնութիւնը, միանգամից դուրս են նետւում նաեւ այդ պայքարից ու կորչում անվերադարձ, ինչպէս, ասենք, այդ նոյն շումերները կամ ացտեկները։ Ահա թէ ինչու ամեն ազգ ձգտում է, որ միշտ ինքը լինի այդ պայքարի մասնակիցը, որպէսզի դրա շնորհիւ կարողանայ գոյատեւել այս աշխարհում, եւ դրան, ինչպէս ասուեց, այլընտրանք չկայ։ Եւ ազգերն այդ պայքարում չունեն լուծելու ոչ մի ուրիշ խնդիր, քան իրենց ինքնութեան յարատեւութեան ապահովումն է, ուստի, պարզ է, որ մնացած ամեն ինչ, տառացիօրէն ամեն ինչ՝ գիտութիւն, մշակոյթ, կրօն, լեզու, պետութիւն, նոյնիսկ հագուստ ու կապուստ, խաղ, նայուածք, շարժուձեւ ու քայլուածք եւ այլն, եւ այլն, միշտ ուղղուած է այդ խնդրի նորոգ որոշմանը։ Դեռ երբեք ոչ մի ազգի չի կործանել այդ պայքարը, որովհետեւ նա բոլոր, անխտիր բոլոր ազգերին՝ անկախ նրանց ուժեղ կամ թոյլ, մեծ կամ փոքր, ծեր կամ երիտասարդ լինելուց, ընձեռում է պայքարելու հաւասար, անխտրական պայմաններ, եւ եթէ որեւէ ազգ կործանւում է, կործանւում է միայն ու միայն ի՛ր մեղքով, պայքարը շարունակելու իր սեփական անկարողութեան պատճառով։
Յանուն այդ գերագոյն ու միակ կենսական շահի՝ ինքնութեան յարատեւման, ազգերը եթէ պէտք է՝ յարձակւում են, եթէ պէտք է՝ պաշտպանւում, եթէ պէտք է՝ յանձնւում, եթէ պէտք է՝ ըմբոստանում, լռում, աղմկում, ստեղծում ու կործանում։ Ահա այս գլխաւոր, միակ ճշմարիտ իմաստով հայ ազգը տանուլ տուած ազգ չէ, քանզի նա այդ պայքարի հաւասար մասնակիցներից է, եւ դրա ապացոյցը ոչ միայն նրա՝ իր ինքնութեան մշտապէս սրուած գիտակցութիւնն է, այլեւ այլակերպուելու, ինքնամերժումի նրա բոլոր փորձերի անվերապահ ձախողումները։ Ուստի, աշխարհում չկայ որեւէ ազգ, որ այդ պայքարում առաւել լինի հայ ազգից, եւ աւելորդ է նոյնիսկ նշել, որ այն բոլոր խօսակցութիւնները, թէ հայ ազգը կործանւում է, պարզապէս կեղծիք են, ճիշտ ինչպէս խորագոյն մոլորութիւն են մի որեւիցէ ազգի «ընտրեալութեան» պնդումները։
Այդ պայքարից դուրս չնետուելու համար իւրաքանչիւր ազգ ձգտում է սթափ, մշտապէս լարուած ուշադրութեամբ իր բոլոր ուժերը ներդնել իր յարատեւման համար եւ ոչ թէ ինքն իրեն օրօրել ինչ-որ մտացածին «ազգային գաղափարախօսութեան» պատրանքներով եւ իր տեսողութիւնը փառակալել ինչ-որ գաղափարական ինքնապատկերացումներով։ Պատահական չէ, որ երբ մի ազգ ստեղծում է ինչ-որ գաղափարախօսութիւն, ապա դա ոչ մի դէպքում չի կոչւում «ազգային», այլ, ընդհակառակը, միշտ ներկայանում է իբրեւ «համամարդկային», «մարդասիրական գաղափարախօսութիւն», որն իբր թէ միշտ ուղղուած է «կործանուող» մարդկութեան «փրկութեանը», իսկ իրականում դա ընդամենը այդ ազգի՝ իր ուժն այլ ազգերի վրայ հաստատելու մի փորձ է, այսպէս ասած, «գաղափարական զէնք»՝ այդ պայքարում։
Եւ այնպէս, ինչպէս չկայ, գոյութիւն չունի համընդհանուր ինչ-որ «համամարդկային գաղափարախօսութիւն», որով առաջնորդուէր ամբողջ մարդկութիւնը, ճիշտ այնպէս էլ չկայ, գոյութիւն չունի մի առանձին «ազգային գաղափարախօսութիւն», որով առաջնորդուէր մի որեւիցէ ազգ։ Եւ եթէ այնպէս լինէր, որ ազգերը ապրէին ոչ թէ գոյապայքարի օրէնքներով, այլ ըստ ինչ-որ գաղափարների ու գաղափարախօսութեան, ապա մարդկութիւնն արդէն վաղուց կործանուած կլինէր, քանի որ իւրաքանչիւր գաղափար կամ աշխարհայեացք միշտ էլ մի մասնաւոր բան է, եւ չի կարող ընդգրկել անընդգրկելին՝ Ամբողջը, Կեանքը, այսինքն՝ իր բնոյթով միշտ էլ յարաբերական, պայմանական, սահմանափակ ու միակողմանի է եւ չի կարող յաւակնել լինելու Բացարձակ Ճշմարտութիւն, որ է միմիայն Կեանքը՝ իր օրէնքների անշեղ հոլովոյթով։
1991թ․
©Սեւակ արամազդ

Յօդուածներ




Ամբողջական տարբերակ
Համայն գոյութիւնն իր յարացոյցով՝ տիեզերքով, բնութեամբ, աշխարհով, կեանքով, մարդկութեամբ, անմնացորդ ենթարկւում է մէկընդմիշտ տրուած օրէնքների։ Հսկայ գալակտիկայից մինչեւ մարդ ու միաբջիջ ամեոբա ապրում են «խաղի միեւնոյն կանոններով»։

Այն սոսկական փաստը, որ հայոց անկախութեան այդ ճարտարապետ ուժը՝ Հայոց Համազգային Շարժումը, որ նոյնն է՝ Հայ Ազգային Կոնգրեսը, հէնց սկզբից եղել է, կայ եւ գործում է, անխոցելի ճշգրտութեամբ ապացուցում է, որ, այո՛, հակառակ բոլոր նահանջներին ու պարտութիւններին, հայ ժողովուրդն օժտուած է անկախութեան կամքով, եւ Անկախ Հայաստանի գոյութիւնը պատմական օրինաչափութիւն է։
Սա է հայոց անկախութեան շրջանի մեծագոյն ճշմարտութիւնը։

«Պետական գիտակցութիւն» ասուածը ոչ այլ ինչ է, քան հասկացութինների անընդհատ ճշտում՝ տուեալ պատմաքաղաքական պայմաններին համապատասխան։
http://www.ilur.am/news/view/87557.html

Եւ Անանունն այդպէս էլ անանուն մնաց պատմութեան մէջ․․․

Իւրաքանչիւր ազգի ճակատագիրը բխում է իր գիտակցութիւնից։ Ճակատագրի ուրիշ աղբիւր գոյութիւն չունի։
http://www.ilur.am/news/view/86421.html

Ի տարբերութիւն մարդու, պատմութիւնն իր գործը երբեք կիսատ չի թողնում:

Անկախութեան Հռչակագրի 30-ամեակի առթիւ
ԵՍԸ ՄԻՇՏ ՊԱՏՐԱՆՔ Է, ԻՐԱԿԱՆ Է ԻՆՔՆՈՒԹԻՒՆԸ։
http://www.ilur.am/news/view/83769.html

Մարդկային քաղաքակրթութիւնը ծնուել է ճշմարտութեան պահանջից:
Այն ազգերը, որոնք դադարում են որոնել ճշմարտութիւնը, ուծանում են եւ մեռնում:
Հայրենիքը կանգուն է ճշմարտութեամբ:
http://www.ilur.am/news/view/57068.html

Խոհ՝ Հայաստանի Անկախութեան 25-ամեակի առթիւ
http://www.ilur.am/news/view/55752.html

Կան մարդիկ, որոնք գրեթէ զուրկ են ժամանակի զգացողութիւնից։ Նրանցից մէկն էլ ես եմ։ Եթէ չլինէին տարեթուերը, ես չէի իմանայ, որ գոյութիւն ունի ժամանակ։ Նոյնիսկ տարիների յաջորդափոխութիւնն ինձ համար որեւէ նշանակութիւն չունի, որովհետեւ այդ հերթագայութիւնը ոչինչ չի ասում կեանքի մասին, որն, ըստ էութեան, հոսում է ժամանակից դուրս՝ իբրեւ անվերջ ձգուող մի ակնթարթ...

Հրապարակում կանգնած՝ մի մարդ խօսում էր Ազատութեան մասին։
http://www.ilur.am/news/view/51539.html

Ազատ եւ Անկախ Հայաստանը հայ ժողովրդի ներկայութեան միակ բացարձակ նշանն է աշխարհում:

Միայն Ազատ Հայը կարող է ժպտալ սեփական պատմութեանը։

Fiat iustitia, ruat caelum
(Արդարութիւնը պէտք է յաղթանակի, թէկուզ փլուի երկնակամարը)
Հին հռոմէական ասացուածք

Երբ եղերօրէն զոհուեց Վահէ Աւետեանը, եւ ցաւի առաջին ալիքն անցաւ, իմ մէջ առաջացաւ մարդասպանի դէմքը տեսնելու ցանկութիւն:

Ես միշտ այն համոզմանն եմ եղել, որ կարեւոր է ոչ թէ բանաստեղծը, այլ Բանաստեղծութիւնը:

Հայաստանի ներկայ իշխանութիւնը մի վարչախումբ է, որ երկիրը մինչեւ կոկորդ թաղել է ստի, կեղծիքի, բարոյազրկութեան, ստրկամտութեան, բռնութեան, հանցագործութեան, ամօթալի սպառողականութեան, կենդանական ստորագոյն բնազդների թանձրատիղմ ճահճի մէջ:

Տարիներ առաջ ես մի առիթով անցողակի սեղմել էի նրա ձեռքը, իսկ այժմ նրան հանդիպում էի առաջին անգամ:

(armtimes.com/hy/read/9756)
Երբ յայտնի դարձաւ, որ Հայաստանի կառավարութիւնը որոշել է Հայոց լեզուն ոչնչացնելու գործընթաց սկսել, ինձ մի պահ թուաց, թէ հայ ոստիկանների արիւնարբու ոհմակը հերթական անգամ յարձակուել է յօշոտելու մի հայ անմեղ-մեղաւոր երիտասարդի եւ նրա բզկտուած ու խոշտանգուած դիակն՝ ի տես հազարաւոր այլ մսացուների, դուրս շպրտելով ոստիկանատան լուսամուտից՝ նստած գրում է իր հերթական զեկոյցը հերթական ինքնասպանութեան մասին։

(«Ժամանակ», 14․03․2008թ․)
Մարտեան սպանդի անմեղ զոհերի յիշատակին
Խաւարն աւելի է թանձրանում լուսաբացից առաջ:

Կար ժամանակ, երբ մարդիկ խօսքի կարիք չունէին...